ԵՄ-ն ևս 30 միլիոն եվրո է հատկացրել Լիբանանին մարդասիրական օգնության համար
Եվրամիությունը ևս 30 միլիոն եվրո է հատկացրել Լիբանանին մարդասիրական օգնություն տրամադրելու համար՝ երկրի հարավում հակամարտության սրման կապակցությամբ։ Ընդհանուր առմամբ, ԵՄ հատկացումները հանրապետության բնակչության առավել կարիքավոր հատվածի համար 2024 թվականին գերազանցել են 100 միլիոն եվրոն։ Այդ մասին հաղորդում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ «չափազանց անհանգստացած է Մերձավոր Արևելքում լարվածության սրումից»՝ նշելով, որ բոլոր կողմերը պետք է անեն առավելագույնը խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։
«Մենք շարունակում ենք Լիբանանի հետ սահմանին և Գազայի հատվածում հրադադարի, ինչպես նաև բոլոր պատանդների ազատ արձակման կոչ անել», – ասել է ֆոն դեր Լայենը:
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։
Ըստ Լիբանանի կառավարության՝ իսրայելական հարվածներից վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանում գրեթե 1900 մարդ է զոհվել, ավելի քան 9000-ը՝ վիրավորվել, նրանց մեծ մասը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։