Ռուսաստանը հայտնել է ուկրաինական 113 ԱԹՍ խոցելու մասին
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերը գիշերը 113 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել երկրի մի քանի մարզերի օդային տարածությունում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում կասեցվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու՝ Կիևի վարչակարգի փորձը: ՀՕՊ-ի հերթապահ միջոցները կալանել և ոչնչացրել են 113 ուկրաինական անօդաչու թռչող սարք. 73 անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի մարզի, 25-ը՝ Վորոնեժի մարզի, 14-ը՝ Կուրսկի մարզի և 1-ը՝ Բրյանսկի մարզի օդային տարածությունում», – գրել է գերատեսչությունը Telegram-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Իր հերթին Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ում հրապարակված տեսաուղերձում հայտնել է, որ հոկտեմբերի 2-ին ուկրաինական հարվածներից մարզում զոհվել է 4 մարդ, ևս 24-ը՝ վիրավորվել:
Ուկրաինան իր հերթին հայտնել է, որ ռուսական ուժերը գիշերը երկրի վրա են արձակել 105 ԱԹՍ։