Ադրբեջանը մեծ ծավալով սպառազինվում է. դա անկանխատեսելի է դարձնում Ադրբեջանի վտանգավորությունը

Ադրբեջանը բավականին վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել վերջին երեք տարվա ընթացքում։ Այս մասին Ազգային ժողովում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ի տարբերություն նախորդ շրջափուլի` 2017-2020 թվականների, այս շրջափուլում` 2021-2024 թվականներին ձեռք բերված զենքի ոչ միայն ծավալն է մեծ չափսերի հասնում, այլ նաև դրա վերաբերյալ տեղեկությունն է գաղտնի պահվում։

«Հիմնականում մոդելների ծավալների, տեսականու առումով բավականին գաղտնի են այդ տեղեկությունները, ինչը շատ ավելի անկանխատեսելի է դարձնում ադրբեջանական վտանգավորությունը։ Հատկապես այն պարագայում, որ Ադրբեջանը մշտապես հայտարարում է բարձր մակարդակով, որ ուժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում»,- ասաց Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Ադրբեջանը ոչ միայն իր մասով պարտավորությունները չի կատարում, այլ նաև հանդես է գալիս նոր սպառնալիքներով ու նոր պահանջներով Հայաստանի նկատմամբ։

Աբրահամյանը ներկայացրեց Ադրբեջանից վերջին շրջանում դրսևորվող մի քանի վտանգավոր ուղղություններ։

«Առաջինը Ադրբեջանի` Հայաստանին ուղղված ապառազմականացման մոտեցումն է, որ աստիճանաբար Ադրբեջանը բերում, տեղավորում է ակտիվ օրակարգերի շրջանակներում։ Երկրորդ` ակտիվացված և որոշակիորեն ինստիտուցիոնալ բնույթ է ստանում ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի» մոտեցումը։ Ադրբեջանը փորձում է ճնշումների միջոցով Հայաստանի` իր համար առաջնահերթ ուղղություններում պարտադրել այս դրույթի իրականացումը կամ դրա չիրականացման դիմաց ստանալ այլ պայմանների իրացում»,–ասաց նա։

Միևնույն ժամանակ, Աբրահամյանի խոսքով, Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում առաջ տանել մոտեցումը, թե իբր Հայաստանը թաքցրել է կոնկրետ զոհերի հետ կապված տվյալները, Հայաստանում կամ Արցախում եղել են մասսայական գերեզմաններ, որի հետ կապված որևէ տեղեկություն չի եղել, ու դա փորձում է բերել միջազգային դաշտ։

Նրա խոսքով` չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները առավելագույնս փորձում են զիջողականություն դրսևորել, բավարարել բոլոր պահանջները, իրականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եղածով չի բավարարվում և Հայաստանի զիջողականությանը զուգահեռ հանդես է գալիս նոր նախապայմաններով, ինչն ուղեկցվում է շանտաժի և սպառնալիքների մոտեցմամբ։

Տեսանյութեր

Լրահոս