Բեռլինում պաղեստինամետ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել
Բեռլինում պաղեստինամետ ցուցարարներն ակցիա են անցկացրել, որի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահների հետ։ Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
Պաղեստինամետ երկու ակցիաների ժամանակ իշխանության ներկայացուցիչները յոթ տուգանք են գրել ատելություն, վիրավորանք և դիմադրություն հրահրելու համար։ Ոստիկաններից մեկը գլխի թեթև վնասվածք է ստացել, սակայն մնացել է ծառայության վայրում: Չորս մարդ բերման է ենթարկվել։
Նշվում է, որ ըստ Welt հեռուստաալիքի՝ ցուցարարները տոնել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա։Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծ մասն, ըստ իսրայելական կողմի, խոցվել է։
Իրանն իր հերթին հայտարարել է, որ երկրի զինված ուժերն առաջին անգամ օգտագործել են «Ֆաթթահ» հրթիռներ, և որ իրենց արձակած հրթիռների 90 %-ը հասել են իրենց թիրախներին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պատասխանել Թեհրանի հոկտեմբերի 1-ի հարվածին՝ նշելով, որ Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար»։ Իրանն իր հերթին նախազգուշացրել է, որ եթե Իսրայելը պատասխան միջոցներ ձեռնարկի, ապա Թեհրանի պատասխանն ավելի անողոք կլինի։
Իրանը նաև ցանկացած երրորդ կողմի նախազգուշացրել է չմիջամտել հակամարտությանը։