ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 166-ի
ԱՄՆ-ի հարավ-արևելյան վեց նահանգներում մոլեգնող «Հելեն» փոթորիկն արդեն 166 մարդու կյանք է խլել և իր հետևից մեծ ավերածություններ թողել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Փոթորկի հետ կապված մահվան դեպքեր են գրանցվել Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում, Ջորջիայում, Ֆլորիդայում, Թենեսիում և Վիրջինիայում։
Ըստ գործակալության՝ Հյուսիսային Կարոլինայում մինչև ծնկները հասնող ցեխի մեջ արտակարգ ծառայությունները որոնողական շների հետ միասին փնտրում են փոթորկի ավելի շատ զոհերի։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։
«Հելեն» փոթորիկն ամենամահաբերներից մեկն է ԱՄՆ-ի պատմության մեջ։ Մեկ միլիոնից ավելի մարդ զրկվել է էլեկտրամատակարարումից։ Մի քանի քաղաքներում խափանվել է բջջային կապը։
Ըստ մասնագետների՝ մեծ է հավանականությունը, որ փոթորիկները կդառնան ավելի ու ավելի ինտենսիվ, ինչի գլխավոր պատճառներից մեկն էլ մարդու առաջացրած կլիմայի փոփոխությունն է։
Կլիմայի փոփոխության հետևանքով փոթորիկներն ուղեկցվում են ավելի շատ տեղումներով, քան մի քանի տասնամյակ առաջ։