
Լիբանանի Այն Դելբ բնակավայրին իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 45-ի

Լիբանանի հարավի Սայդա քաղաքից արևելք գտնվող Այն Դելբ բնակավայրին սեպտեմբերի 29-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածի զոհերի թիվը հասել է 45-ի: Այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը Facebook-ի իր էջում։
Վիրավորների թիվը հասել է 70-ի։ Ավելի վաղ գերատեսչությունը տեղեկացրել էր 24 զոհի և 29 վիրավորի մասին։ Նշվել է, որ գնդակոծության ժամանակ ամբողջությամբ ավերվել է մի բնակելի շենք:Իսկ այս գիշեր Հերմել քաղաքում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 12-ի։
Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհի մասին։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հեզբոլլահ»-ի դեմ:
Հայտարարված նպատակն է անվտանգ պայմանների ստեղծումը հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր տեղահանված բնակիչները կարողանան վերադառնալ այնտեղ։
Ըստ Լիբանանի իշխանությունների՝ իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 6000 մարդ վիրավորվել է, տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։