Բաժիններ՝

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ պատրաստ է Իսրայելի ցամաքային ներխուժմանը

Լիբանանյան «Հեզբոլլահ»-ի ղեկավարի տեղակալ Նայիմ Քասեմը հայտարարել է, որ խմբավորումը պատրաստ է Իսրայելի հնարավոր ցամաքային ներխուժմանը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Իսրայելի կողմից «Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահի սպանությունից հետո սա խմբավորման բարձրաստիճան պաշտոնյայի առաջին հանրային ելույթն է։

«Մենք պատրաստ ենք ցամաքային հարձակման և մենք հաղթանակած դուրս կգանք», – ասել է նա՝ հավելելով, որ իրենք գիտեն, որ պայքարը «կարող է երկարատև լինել»։

Ինչ վերաբերում է Հասան Նասրալլահի փոխարեն նոր գլխավոր քարտուղարի նշանակմանը, Քասեմը հայտարարել է, որ խմբավորման խորհուրդը շուտով այդ հարցով որոշում կկայացնի։ Իր հերթին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հանդիպել է Լիբանանի սահմանին գտնվող զինվորների հետ՝ ասելով, որ երկրի հյուսիսային շրջանների բնակիչներն իրենց բնակավայրեր կվերադարձվեն «մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով»։

Գալանտը նշել է, որ «Նասրալլահի ոչնչացումը շատ կարևոր քայլ է, բայց ամեն ինչ չէ»։

«Մենք կօգտագործենք մեր ունեցած բոլոր կարողությունները, և եթե հակառակ կողմում ինչ-որ մեկը չի հասկանում, թե ինչ են նշանակում բոլոր կարողությունները, ապա ասում եմ՝ դա բոլոր կարողություններն են», – ասել է Գալանտը՝ հավելելով, որ Իսրայելը կօգտագործի բոլոր ուժերն օդից, ծովից և ցամաքից։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հեզբոլլահ»-ի դեմ: Հայտարարված նպատակն է անվտանգ պայմանների ստեղծումը հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր տեղահանված բնակիչները կարողանան վերադառնալ այնտեղ։ 

Ըստ Լիբանանի իշխանությունների՝ իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 6000 մարդ վիրավորվել է, տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս