
Երևանում տղամարդը պերֆերատորով աշխատելիս դիպել է էլեկտրալարին, նրան այրվածքներով տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկները Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են, որ մի քաղաքացի այրվածքներով կանգնած է Խորենացի 28/4 հասցեի մոտ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարեկները շտապ մոտեցել են, իսկ մինչ այդ զանգել են շտապօգնություն: Շտապօգնության բժիշկները այդ քաղաքացին, ում հագուստը, կարելի է ասել, այրված էր, իսկ մարմնի տարբեր հատվածներում էլ կային այրվածքի հետքեր, տեղափոխել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Հիվանդանոց տեղափոխված քաղաքացին պերֆերատորով ասֆալտի քանդման աշխատանքներ կատարելիս է եղել, երբ անզգուշաբար դիպել է նշված վայրով անցնող հոսանքի լարին, ինչից պայթյուն և հրդեհ է առաջացել, և նա ստացել է այրվածքներ:
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28–ամյա Վաչիկ Ա.-ն է: