Կալաձեն ընդգրկվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում. Formula
Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ընդգրկվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում, այս մասին, ըստ aliq.ge-ի՝ հայտնել է Formula հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Տեղեկության համաձայն` պատժացուցակում են նաև խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն, իրավական հանձնաժողովի ղեկավար Անրի Օխանաշվիլին և կուսակցության քաղխորհրդի անդամ Դմիտրի Սամխարաձեն։
Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի կառավարության և խորհրդարանի ավելի քան 60 անդամների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների նկատմամբ՝ «Վրաստանում ժողովրդավարությունը հետ մղելու համար»։
60 հոգանոց ցուցակը դեռ չի հրապարակվել։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 16-ին, հայտնի դարձավ, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի ղեկավար Զվիադ Խարազիշվիլին, նրա տեղակալը, ինչպես նաև «Ալտ ինֆոյի» երկու ներկայացուցիչ։
Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ ամերիկյան պատժամիջոցները հակաարդյունավետ են, և Վաշինգտոնի գնահատականները կողմնակալ են։