Հուսով ենք, որ հայկական արդյունաբերական ձեռնարկությունները կօգտվեն այս նախագծի հնարավորություններից. Տերյան

Հայկական ընկերությունները ԵԱՏՄ կոոպերացիոն նախագծերին մասնակցելու մեծ ներուժ ունեն։ Այդ մասին Երևանում ԵԱՏՄ 3–րդ համաժողովի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը:

Նրա խոսքով՝ աջակցության մեխանիզմներն արդյունավետ գործիք կդառնան ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունների կողմից ռազմավարական կարևոր նախագծերի իրականացման համար՝ զգալիորեն ավելացնելով երկրների միջև փոխադարձ ներդրումները:

«Մենք բավականին մեծ ակնկալիքներ ունենք այս գործիքից և հուսով ենք, որ հայկական արդյունաբերական ձեռնարկությունները կօգտվեն տվյալ նախագծի ընձեռած հնարավորություններից»,– ասաց Տերյանը:

Նրա խոսքով` Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024 թվականի առաջին կիսամյակում աճել է 20 տոկոսով։ Հաշվի առնելով դա՝ հայ արտադրողները նման նախագծին մասնակցելու մեծ ներուժ ունեն։

Տերյանը նշեց, որ Հայաստանում կոոպերացիոն նախագծերի նախաձեռնողներ կարող են դառնալ մետաղական, շինանյութերի, մասնավորապես` ջերմամեկուսացման (բազալտ, պեռլիտ) ձեռնարկությունները:

Նույնը, ըստ նրա` վերաբերում է դեղագործությանը և տեքստիլ արդյունաբերությանը:

«Համագործակցության մեկ այլ տարբերակ կարող է լինել այլ երկրներում հայկական մեքենաշինական և սարքաշինական ընկերությունների մասնակցությունը ծրագրերին»,– նշեց Տերյանը:

Փոխնախարարը համագործակցության պոտենցիալ տարբերակ է համարում նաև ոսկերչության ոլորտում իրականացվող նախագծերը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ երկրներում ոսկու և ալմաստի պաշարները, ինչպես նաև նման արտադրության ոլորտում Հայաստանի մեծ փորձը:

Նշենք, որ Երևանում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին ընթանում են Եվրասիական տնտեսական համաժողովը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:
Երևանում ընթանում են Եվրասիական տնտեսական համաժողովը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Միջոցառումները կշարունակվեն հոկտեմբերի 1-ին։

Տեսանյութեր

Լրահոս