Ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել, մեզ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը. Ճապոնիայի նոր վարչապետ
Ճապոնիայի հաջորդ վարչապետ ընտրված Շիգերու Իշիբան անհրաժեշտ է համարել քննարկել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ միջուկային զենքի տեղակայման հեռանկարը, երբ վերանայվի Ճապոնիայում ամերիկյան զորախմբի կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Ըստ Իշիբայի՝ Ասիայում ՆԱՏՕ-ի նման հավաքական ինքնապաշտպանության համակարգի բացակայությունը տարածաշրջանում նոր ռազմական հակամարտությունների վտանգ է ստեղծում։ Նա, մասնավորապես, մտահոգություն է հայտնել ճապոնական կղզիների շուրջ չինական ռազմական ակտիվության աճի կապակցությամբ։ Վարչապետի խոսքով՝ Ճապոնիայի ռազմական ուժերի ուժեղացումը թույլ կտա հետ պահել Չինաստանին Ասիայում ռազմական ուժ կիրառելուց։
«Մեր երկիրը շրջապատող աշխարհաքաղաքական ճգնաժամն այն աստիճանի է հասել, որ ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել։ Մեզ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը, որը կապահովի Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջուկային դաշինքի զսպում։ ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը պետք է հատուկ անդրադառնա ԱՄՆ-ի հետ միջուկային փոխանակմանը կամ միջուկային զենքի տեղակայմանը տարածաշրջանում»,- նշել է Իշիբան:
Հոկտեմբերի 1-ին Ճապոնիայի նոր վարչապետ կդառնա Շիգերու Իշիբան՝ խորհրդարանի հավանությունը ստանալուց հետո: Նախընտրական քարոզարշավի ընթացքում նա հանդես է եկել Ճապոնիայի ռազմական ներուժի հզորացման և «ասիական ՆԱՏՕ-ի» ստեղծման և դրանում Վաշինգտոնի ընդգրկման օգտին։ Նա նաև հանդես է եկել երկրի կողմից ազգային անվտանգության ամրապնդման համար սեփական միջուկային զինանոցի կառուցման օգտին: