
Թուրքիան կազմակերպված հանցավորության ցուցանիշով Եվրոպայում 1-ին տեղում է

«Ստամբուլի պլանավորման գործակալության» ղեկավար Բուղրա Գյոքչեն X-ում կատարած գրառմամբ անդրադարձել է սեպտեմբերի 22-ին Ստամբուլի Ումրանիե թաղամասում կրակոցների հետևանքով ոստիկանի սպանության դեպքին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Մենք սգում ենք 27 տարեկան երիտասարդ մեր ոստիկանի՝ Շեյդա Յըլմազի կորուստը: Տեղի ունեցած ցավալի դեպքը վերջին տարիներին Թուրքիայում գրանցված հանցագործությունների մակարդակի աճի հետևանքն է»,- գրել է նա:
Գյոքչեն, գրառման մեջ հիմնվելով «Կազմակերպված հանցավորության համաշխարային զեկույցի» արդյունքների վրա, նշել է, որ Թուրքիան կազմակերպված հանցավորության ցուցանիշով Եվրոպայում առաջինն է:
«Ընդհանուր 193 երկրի մեջ Թուրքիան 14-րդ տեղում է»,- հավելել է գործակալության ղեկավարը:
Բացի այդ նա ընդգծել է, որ Թուրքիան մարդկանց թրաֆիքինգի, զենքի մաքսանենգության, հերոինի, կոկայինի, սինթետիկ թմրանյութի առևտրի, գույքային հանցանքների, չվերականգնվող ռեսուրսների ապօրինի առևտրի և մի շարք ուղղություններով Եվրոպայում ամենավատ վիճակում գտնվող երկիրն է: