Դպրոցներում պարզապես քաոսային վիճակ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, բավական բարդ, ծանր մթնոլորտ է հանրապետության հանրակրթական դպրոցներում: Ի մասնավորի, գնալով մեծանում է դժգոհությունը, այսպես կոչված, «նոր չափորոշիչներից», որոնք, ըստ մանկավարժների, իսկական պատուհաս են դարձել թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների, թե՛ ծնողների համար: «Փաստ» թերթի հետ զրույցում շատ տնօրեններ և ուսուցիչներ նշում էին, թե այնպիսի տպավորություն է, որ ԿԳՄՍ նախարարությունն ամեն ինչ անում է կրթական համակարգը հիմնավորապես ավերելու համար: Ասում են, որ չնայած համակարգը ներդրվում է աստիճանաբար, տարբեր դասարաններում, բայց ամեն անգամ այնպիսի «նորամուծություններ» են մոգոնում, որ ոչ ոք ոչինչ լիարժեք չի հասկանում՝ ինչ պետք է անել ու ինչպես:

Մեծ դժգոհություն կա դասագրքերի մեծ մասի բովանդակության հետ կապված: Ավելին, մենք տեղեկություններ ունենք, որ դրանք այնքան խայտառակ են, որ շատ ուսուցիչներ դասագրքերի որոշակի հատված պարզապես բաց են թողնում և թեման անցնում են առանց այդ դասագրքերի: Խնդիրներ են առաջանում նաև գնահատման նոր համակարգի ներդրման առումով: Մի խոսքով, ԿԳՄՍՆ-ն պարզապես քաոս է ստեղծել դպրոցներում:

Սրան գումարած՝ մեզ հետ զրույցում մի քանի ուսուցիչներ պատմում էին, թե վերապատրաստման ժամանակ իրենց պարզ ասել են, որ չի խրախուսվում դասարանում աշակերտներին դիմել՝ սեռային պատկանելությունը նշելով: Այսինքն՝ չի կարելի, օրինակ՝ ասել. «Տղա՛ ջան, եկ գրատախտակի մոտ», «աղջիկ ջան, դասդ սովորե՞լ ես» և այլն: Մի խոսքով, սեռային տարբերությունը հիշատակելը չի խրախուսվում: Թե ինչու, և թե ինչեր են այս առումով առաջիկայում սպասվում, չեն մանրամասնել»:

Տեսանյութեր

Լրահոս