Եվրոպական մեքենաները Վրաստանից մտնում են Ռուսաստան՝ շրջանցելով պատժամիջոցները
Չնայած արևմտյան պատժամիջոցներին, թանկարժեք ավտոմեքենաները դեռևս մուտք են գործում Ռուսաստան, և դա արվում է Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Վրաստանի միջոցով, ըստ aliq.ge-ի՝ հայտնել է բրիտանական Sky News հեռուստաալիքը։
Sky News-ի լրագրողը տեղում դիտարկել է Վերին Լարսի մաքսակետը, որտեղ հայտնաբերել է Եվրոպայից ներկրված մեքենաներ։ Ըստ հետաքննական հաղորդագրության՝ մեքենաները Ռուսաստան տեղափոխելու ուղիներից մեկը Հայաստանում հաշվառումն ու մաքսազերծումն է։ Երբեմն Ռուսաստանում մեքենա փոխադրողներին խորհուրդ են տալիս ասել, որ ոչ թե Ռուսաստան են գնում, այլ Ղրղզստան՝ Ռուսաստանով։
Բրիտանական հեռուստաալիքի տվյալներով՝ ամեն դեպքում այդ մեքենաներին ի վերջո տրվում են տարանցիկ գրանցման համարներ, ինչից հետո նրանք կարողանում են հատել սահմանը: Եվ քանի որ վրացիները կարող են առանց վիզայի ճանապարհորդել դեպի Ռուսաստան, նրանց միայն անհրաժեշտ է մեքենաներով անցնել սահմանը, որտեղ իրենց կդիմավորի մեկ այլ խումբ:
Sky News-ը հաղորդել է, որ մեքենաները երբեմն բերվում են Թբիլիսիի ցուցասրահներից, երբեմն՝ Վրաստանի նավահանգիստներից, երբեմն՝ Եվրոպայից կամ Ադրբեջանից։ Հիմնականում տրանսպորտային միջոցների վարորդները տեղյակ չեն լինում մեքենաների ծագման մասին։ Լրագրողական հետաքննությունից պարզ է դարձել, որ մեքենաները երբ բերվում են սահման, մնում են ավտոկայանատեղիներում՝ մինչև անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստվեն։
«Եվրոպական երկրների ձեռնարկած պատժամիջոցների կիրառումից հետո Վրաստանը Ռուսաստան ավտոմեքենաներ ուղարկելու սեփական արգելքները գործի գցեց, սակայն դրանցից խուսափելու բազմաթիվ եղանակներ կան, ինչը հնարավորություն է տալիս մեքենաներ տեղափոխել»,- գրել է Sky News-ը։
Sky News-ը գրել է, որ ռուսական տնտեսությունը դեռ ուժեղ է, Մոսկվայում ապրանքների էական կամ աննշան դեֆիցիտ չկա, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը հսկայական տնտեսական օգուտներ են ստանում ոչ պաշտոնական առևտրից։
Հիշեցնենք` 2023 թվականի սեպտեմբերի 26-ից արգելվել է Եվրոպայից Վրաստան ներկրված ավտոմեքենաների վերաարտահանումը Ռուսաստան: