«Դժվար է անցյալով խոսել սեփական որդու ու մի ամբողջ մատղաշ սերնդի մասին». Զարինե Բաբայան
Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը, ով միակ որդուն՝ Ռոբերտին, կորցրել է 2023 թվականի սեպտեմբերի 25-ին բենզինի պայթյունի ժամանակ, այսօր «Եռաբլուրում» ասաց, որ հայրենիքի նկատմամբ սերն արտահայտվում է վտանգի պահին, երբ պետք է կյանքը զոհաբերել հայրենիքին։
«Ասելիքս շատ է, բայց հուզմունքս է խեղդում կոկորդս, և անասելի դժվար է խոսել իմ սեփական որդու և մի ամբողջ մատղաշ սերնդի մասին անցյալով։ Այսօր մեզ բոլորիս այստեղ համախմբել է ընդհանուր վիշտը, անասելի ցավն ու կարոտը։
Այստեղ՝ «Եռաբլուրում», մենք որոշ չափով մեր հայրենիքում ենք, որովհետև այստեղ են ննջում հայրենիքի նվիրյալները, այն հերոսները, որոնք նվիրեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը՝ հանուն իրենց հայրենիքի ազատության ու անկախության։ «Եռաբլուրում» մենք տանն ենք, այո՛, տանն ենք, որովհետև այստեղ են գտնվում մեր անբաժան մասնիկները՝ եղբայրները, ամուսիները, հարազատները»,- նշեց Զարինե Բաբայանը։
Նրա խոսքով՝ արցախցիներին պատուհասած արհավիրքից մեկ տարի անց, շատերի զավակների ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ։
«2020 թվականից հետո բախտավոր էին համարվում այն ծնողները, որոնց երեխաներն ունեին գերեզման, սակայն այսօր շատերն այդ հնարավորությունը չունեն՝ այցելեն իրենց զավակներին ու խունկ ծխեն կամ ծաղիկներ խոնարհեն»,- շեշտեց Զարինե Բաբայանը։
Նշենք, որ այսօր «Եռաբլուրում» տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի օծման արարողությունը՝ նվիրված արցախյան պատերազմներում նահատակվածների հիշատակին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում