Լիբանանի կառավարությունը ՄԱԿ-ին կոչ է արել դադարեցնել իսրայելական ագրեսիան
Լիբանանի կառավարությունը ՄԱԿ-ին և ազդեցիկ երկրներին կոչ է արել դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ, որպեսզի երկրի հարավը չվերածվի «երկրորդ Գազայի հատվածի»: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին Լիբանանի ժամանակավոր կառավարության վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է սեպտեմբերի 23-ին կայացած կառավարության նիստում:
«Մեր կողմից իրականացվող բոլոր շփումներում մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին, Անվտանգության խորհրդին և ազդեցություն ունեցող երկրներին կանգնել արդարության կողքին և դադարեցնել ագրեսիան: Մենք շարունակում ենք վերահաստատել մեր հավատարմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևին և որպես կառավարություն ամեն բան անում ենք, որպեսզի դադարեցնենք պատերազմն Իսրայելի հետ և հնարավորինս խուսափում ենք գործողություններից, որոնք կարող են մեզ անդունդը գլորել»,- Միքաթիի խոսքը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ բարձրաձայնել էր իր մտավախությունների մասին, որ Լիբանանի հարավը կարող է վերածվել «երկրորդ Գազայի», և որ պատերազմը պետք է դադարեցվի։
«Այս դիրքորոշումը պետք է նույնական լինի բոլորի, հատկապես այն երկրների դիրքորոշումների հետ, որոնք կարող են ճնշում գործադրել Իսրայելի վրա նրա ագրեսիան դադարեցնելու համար», – հավելել է Միքաթին:
Իսրայելն ինտենսիվ հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող ռազմական օբյեկտներին՝ երկրի խաղաղ բնակիչներին կոչ անելով հեռանալ այն հատվածներից, որտեղ գործում է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը։