Ճամբարի համար Հունգարիան հատուկ է ընտրված. Հունգարիայով մեր երեխաներին տանում են դեպի թուրքական աշխարհ. Արմեն Պետրոսյան

Արդեն մի քանի օր է՝ հասարակական մի խումբ գործիչներ կոչ են անում արցախահայերին իրենց երեխաներին Հունգարիա ճամբար չուղարկել։ Պատճառն այն է, որ հենց Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին։ Բացի այդ, Հունգարիան աչքի է ընկնում իր ադրբեջանամետ կեցվածքով, ուստի անկանխատեսելի է, թե ինչ կարող է լինել հայ երեխաների հետ այնտեղ։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նույնպես կոչ էր արել բոլոր ծնողներին՝ հաշվի առնել, թե որ երկիր են ուղարկում իրենց երեխաներին։

Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, նախկին զինվորական Արմեն Պետրոսյանը նույնպես դեմ է, որ արցախցի երեխաներն իրենց ճամբարն անցկացնեն Հունգարիայում։

«Արցախում իմ զբաղեցրած պաշտոնը հաշվի առնելով՝ ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, իմ վերահսկողությամբ էին անցնում բոլոր ճամբարները թե Արցախում, թե Արցախից դուրս, լիներ ցերեկային, շուրջօրյա, ռազմամարզական և այլն։ Ամեն տարի մենք հազարավոր երեխաների ամառային ճամբարն էինք կազմակերպում։ Ես շատ լավ եմ հասկանում, թե ճամբարներում ինչ կարող է կատարվել, ճամբարներում ապահովում են ոչ միայն երեխաների ակտիվ հանգիստը, այլև տարվում են հատուկ քարոզչական ու դաստիարակչական աշխատանքներ։

Կարդացեք նաև

Մենք գիտենք, որ ՀՀ կառավարության հետ համատեղ ծրագրի շրջանակներում Արցախից 120 երեխա արդեն Հունգարիայում մասնակցել է ճամբարին, ըստ տարածվող լուրերի՝ ևս 1000 երեխա պետք է մասնակցի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Պետրոսյանը։

Նա այս առիթով իր մտահոգություններն արտահայտեց՝ շեշտելով՝ Հունգարիա ճամբար գնալու ծրագիրն արցախահայերի շրջանում ոչ միանշանակ է ընդունվե,։ քանի որ Հունգարիան այն երկիրն է, որը, բացի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց, նաև այն միակ երկիրն է, որի ծագումնաբանությունը կապված է թուրքերի հետ։

«Հունգարիան իր պանթուրքիստական կեցվածքն ի սկզբանե արտահայտել է։ Բացի դրանից, Ադրբեջանի, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության վերականգնման» հետ կապված, Հունգարիան առաջիններից է արձագանքել՝ պետական բարձր մակարդակով։ Այդ երկիրն իր վարչապետի մակարդակով մասնակցել է Շուշիիում տեղի ունեցած ժողովին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ասաց՝ լավ գիտի, որ ճամբարներում հատուկ մասնագետների ընդգրկմամբ այնպիսի քարոզչական ու դաստիարակչական աշխատանքներ են տանելու այդ երեխաների հետ, որի արդյունքում հնարավոր է՝ վաղը-մյուս օրը Հայաստանը կանգնի ազգային անվտանգության խնդրի առաջ։

«Հաշվի առնելով Հունգարիայի պրոթուրքական լինելը, վստահ եմ՝ տանելու են այնպիսի քարոզչություն, որ արցախցի երեխաները համակերպվեն մտքի հետ, թե «Արցախը հայկական չէ», և Հայաստանն այն սահմանագծված տարածքով է, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա արցախցիները, հասկանալով այս ամենը, չեն ցանկանում, որ իրենց երեխաները գնան Հունգարիա։ Կարծում եմ՝ ճամբարի համար Հունգարիան հատուկ է ընտրված, քանի որ Հայաստանը դեպի Արևմուտք տանելու դռները տեղադրված են Թուրքիայում։

Եթե միանգամից Թուրքիան լինի, ժողովուրդը կհասկանա, հիմա թուրքական ծագում ունեցող եվրոպական երկրի միջոցով են դա անում։ Հունգարիայով մեր երեխաներին տանում են դեպի թուրքական աշխարհ»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ Արցախի կիոկուշին կարատեի «Վերադարձ» մարզական ակումբի որևէ սան այդ ճամբարին վստահաբար չի մասնակցելու և Հունգարիա չի մեկնելու։

Տեսանյութեր

Լրահոս