Բաժիններ՝

«Մամ, կներես, չգիտեի` ինչի միջով ես անցել». Ավդալյանը որդու հետ զրույցից դրվագ է պատմել

Հայտնի ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի որդին` Վաչեն ներողություն է խնդրել մորից, որ այսքան ժամանակ չի պատկերացրել, թե ինչերի միջով է անցել նա։ Ավդալյանը որդու հետ զրույցից մի դրվագ ներկայացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նաև կից լուսանկարներ է հրապարակել, որտեղ որդին լացում է «Մեդալի հակառակ կողմը» առաջին հայկական սպորտային դրաման դիտելիս։

Ասել է` մամ, կներես, ես չգիտեի` դու ինչի միջով ես անցել։ Ծանրորդն էլ հետաքրքրվել է, թե որդին ինչի համար է ներողություն խնդրում։

– Որ քեզ շատ եմ ջղայնացնում։ Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում ու գժվացնում եմ, թե ե՞րբ ես տուն գալու, որովհետև կարոտում եմ։ Դու ո՞նց ես կարողացել տարի ու կես, քո փոքր երեխուց հեռու լինել, ոնց ես քո մեջ ուժ գտել պարապելու, ոնց ես հաղթահարել էդ ցավերը։ Ես գիտեմ` մամաներն ավելի շատ են կարոտում իրենց էրեխեքին, քան հակառակը…

«Ու ես չգիտեմ, ոնց բացատրեմ, որ հենց էդ կարոտն է ինձ ուժ տվել, եղել է ամենամեծ մոտիվացիան, որ ես հազիվ ոտքերս քարշ տալով հասնեի մարզադպրոց ու պարապեի, առանց որևէ ցավ ու վախ հաշվի առնելու, որ զուր չլիներ էն ժամանակը, որ ես իրանից հեռու եմ եղել»,- գրել է Ավդալյանը։

Վաչեն Նազիկին նաև ասել է, որ անկախ ամեն ինչից և բոլոր խոսակցություններից, ինքը շատ է հպարտանում իր մոր հաջողություններով և անցած ճանապարհով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս