Շուկայում խորոված անող Արտաշն ինձ չի տեսել, դեմքով չի ճանաչում, բայց լսել է, որ տարածքը դատավոր թե դատախազ Հրայրինն է. Էս է մեղադրական եզրակացության մեջ գրված. Հրայր Թովմասյան
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։
Այսօրվա դատական նիստին շարունակվում է Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառը:
Նախորդ դատական նիստին նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը կրկին միջամտեց Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառին, կրկին «հորդորեց» չկրկնվել, ինչին պաշտպան Միհրան Թովմասյանն ասաց՝ առարկում եմ դատավորի գործողությունների դեմ, նա կանխակալ վերաբերմունք ունի Հրայր Թովմասյանի նկատմամբ: Իրավիճակը լարվեց, Հրայր Թովմասյանն ու դատավոր Տաթևիկ Գրիգորյանը վիճաբանեցին:
Այսօրվա դատական նիստի մեկնարկին Հրայր Թովմասյանն անդրադարձավ իր դեմ տրված ցուցմունքներին, ասաց՝ ցուցմունք տված անձանցից մեկը 12 անգամ ցուցմունք է տվել, թերևս ցանկացել է խուսափել կալանավորումից:
Հրայր Թովմասյանն անդրադարձավ նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի առերես հարցաքննությանը:
Հրայր Թովմասյանն ասաց՝ ոչ մի կերպ չի ապացուցվում իր՝ տվյալ տարածքի սեփականատեր լինելու հանգամանքը:
«Այս քրեական գործը հարուցվել է շուկայում Վալոդի ու Արտաշի պատմածների հիման վրա: Շուկայում խորոված անող Արտաշն ինձ չի տեսել, դեմքով չի ճանաչում, բայց լսել է, որ տարածքը դատավոր էր թե դատախազ Հրայրինն է: Էս է մեղադրական եզրակացության մեջ գրված»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Դատական նիստն ընդհանուր առմամբ լարված էր ընթանում: Դրվագներից մեկում դատախազը դուրս եկավ նիստերի դահլիճից, իսկ դատավորը պնդեց, որ դատախազի բացակայությամբ Հրայր Թովմասյանը շարունակի պաշտպանական ճառը:
Դատական նիստը շարունակվում է:
Մանրամասները՝ տեսանյութում: