Պարոն Թովմասյան, Ձեզ դատարանը թույլ չի տալիս հայտարարությամբ հանդես գալ, ձեր տոնն իջեցրեք… Դուք իջեցրեք… Դատարանի հետ զուգահեռ մի խոսեք. Հրայր Թովմասյանի գործով նիստը
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։
Այսօրվա դատական նիստին շարունակվում է Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառը:
Նախորդ դատական նիստին Հրայր Թովմասյանը հանգամանորեն անդրադարձավ իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելու ոչ իրավաչափությանը, քանի որ հաղթահարված չի եղել իր գործառութային և ընթացակարգային անձեռնմխելիությունը:
«Գործում չի եղել իմ անձեռնմխելիությունը հաղթահարված լինելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը։
Հետևաբար՝ այս գործը չէր կարելի քննել։ Նորմը հակասահմանադրական էր, դու չպետք է առաջ գնաս… Ցո՛ւյց տվեք Քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածը, որն ասում է՝ դատախազն է որոշելու, քննիչը, դատավորը, հետաքննիչը կամ վարչապետը: ՍԴՕ-1476 որոշումն արձանագրում է՝ չկա այդ մարմինը: Ցո՛ւյց տվեք, որ դատախազությունն է որոշում: Հիմա փաստացի դատախազությունն է, չէ՞, որոշել՝ չունենալով դրա լիազորությունը: Բա ինչի՞ գլխավոր դատախազի նկատմամբ քրեական գործ չի հարուցված: Ինքն է, չէ՞, որոշել: Ուրիշ ոչ ոք չի որոշել… Հուսով եմ՝ ինձ մեղադրանք չեք առաջադրի, որ այս որոշումը կայացվել է իմ՝ ՍԴ նախագահ եղած ժամանակ, որ ինձ պաշտպանեմ հետագայում… Ու թող ոչ մի դատավոր չմտածի, որ այս նորմն իր կողքով կանցնի»,- ասաց ՍԴ նախկին նախագահը։
Ըստ նրա՝ Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ անձեռնմխելիության հարցը պետք է որոշի ՍԴ-ն, բայց եթե որոշի, որ արարքն իր գործունեության հետ չի կապված, պետք է դատավորին զրկի իմունիտետից: ՍԴ դատավորի դեմ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է ՍԴ լիագումար նիստի նախնական համաձայնությունը:
Նրա խոսքով՝ այդ հարցում օրենսդրական բաց չկա, ամեն բան շատ հստակ է. եթե չի հաղթահարվել անձեռնմխելիությունը, վարույթի ցանկացած փուլում այն կարող է կարճվել, ու դրա համար օրենսդրական խոչընդոտներ չկան:
Այսօր Հրայր Թովմասյանը ներկայացրեց իշխանության այն գործողությունները, որոնք հաջորդել ու նախորդել են իր նկատմամբ հարուցված քրեական վարույթին:
Այսօրվա դատական նիստում նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը կրկին միջամտեց Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառին, կրկին «հորդորեց» չկրկնվել, ինչին պաշտպան Միհրան Թովմասյանն ասաց՝ առարկում եմ դատավորի գործողությունների դեմ, նա կանխակալ վերաբերմունք ունի Հրայր Թովմասյանի նկատմամբ:
Իրավիճակը լարվեց, Հրայր Թովմասյանն ու դատավոր Տաթևիկ Գրիգորյանը վիճաբանեցին:
«Պարոն, Թովմասյան, Ձեզ դատարանը թույլ չի տալիս հայտարարությամբ հանդես գալ, ձեր տոնն իջեցրեք… Դուք իջեցրեք… Դատարանի հետ զուգահեռ մի խոսեք: Սանկցիա կկիրառեմ, նկատողություն եմ հայտարարում: Կհեռացնեմ»,- կողմերի վիճաբանությունը թեժացավ:
Դատական նիստը շարունակվում է:
Մանրամասները՝ տեսանյութում: