Ստեփանակերտի քաղաքապետին պատկանող մեքենան առգրավել են. նա միայն բակում զբոսնելու թույլտվություն ունի. Ռոման Երիցյան
Դեռևս մայիսի 26-ին Դատարանի որոշմամբ Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը 20 օրով կալանավորվել էր։ Մինչ այդ, իրավապահները ժամեր շարունակ նրա տանը խուզարկություն էին կատարել։ Այնուհետև հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մասիս Մելքոնյանը քննելով Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը, որոշել էր կիրառել 2 ամիս ժամկետով տնային կալանք։
Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով։
168.am-ի հետ զրույցում Արցախի փաստաբանների պալատի անդամ, Դավիթ Սարգսյանի շահերի պաշտպան Ռոման Երիցյանը խոսելով իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին, ասաց՝ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ հարուցվել է վարչական հսկողություն, որը վերջնաժամկետ չունի։
«Այսինքն՝ Դավիթ Սարգսյանը մնալու է վարչական հսկողության տակ այնքան, քանի դեռ շարունակվելու է նախաքննությունը։ Այս կապակցությամբ մենք վերաքննիչ բողոք էինք ներկայացրել Վերաքննիչ դատարան, սակայն բողոքն անհեթեթորեն մերժվել է։ Ներկա պահին Դավիթ Սարգսյանը թեպետ վարչական հսկողության տակ է, բայց նույն տնային կալանքի ռեժիմում է, քանի որ երեկոյան ժամը 19։00-ից հետո տանից դուրս գալու հնարավորություն չունի։ Բացի այդ, խանութ գնալու, բանկ մտնելու կամ սպասարկման որևէ սրահ գնալու հնարավորությունից զրկված է։
Այս գործով վերջերս նաև այլ իրադարձություն է տեղի ունեցել՝ Դավիթ Սարգսյանին պատկանող մեքենան ևս առգրավել են՝ այս գործի շրջանակներում»,- նշեց Ռոման Երիցյանը։
Ըստ փաստաբանի, Ստեփանակերտի քաղաքապետն իր երեխայի հետ խանութ գնալու համար պետք է դիմի քննիչին, նրանից ստանա թույլտվություն և միայն դրանից հետո երեխայի հետ գնա խանութ։ Կամ՝ վարսավիրանոց գնալու համար քննիչից պետք է ստանա թույլտվություն։ Միայն բակում զբոսնելու արգելք չունի։
«Իմ պաշտպանյալը երեկոյան 19։00-ից սկսած մինչև առավոտյան 07։00-ն պետք է տանից դուրս չգա։
Նախաքննությունը չի կարող շարունակվել 1 կամ 2 տարի, Ստեփանակերտի քաղաքապետը մեղադրվում է ծանր հանցագրծության մեջ, որի առավելագույն ժամկետը՝ մեղադրանքն առաջադրելու պահից, 8 ամիս է։ Բայց, օրինակ, այստեղ կարող են ժամկետներից շեղվելու նպատակով քրեական վարույթը ձևականորեն կասեցնեն կամ նման այլ գործողություն իրականացնեն»,- եզրափակեց Ռոման Երիցյանը։
Ի դեպ, ավելի վաղ Ռոման Երիցյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ վստահ է՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանավորման հիմքը ոչ միայն քաղաքական է, այլև Սրբազան շարժմանը խոչընդոտելն է։
«Իմ տրամաբանությամբ, այս ամենի հիմքը հանդիսացել է նաև այն, որ Դավիթ Սարգսյանի կինը 2020 թվականից սկսած կոշտ քննադատություններ է հնչեցնում ՀՀ իշխանությունների հասցեին։ Նաև հիմնական խնդիրը, որն առաջացել է ՀՀ իշխանությունների և Ստեփանակերտի քաղաքապետի միջև, այն է, որ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի կնոջ կողմից վրանների տեղադրումը 2020 թվականի պատերազմից հետո իրականություն չդարձավ։
Դավիթ Սարգսյանն ասել էր, որ երեխաների համար անձամբ միջոցառում կկազմակերպի, վրաններ տեղադրելու կարիք չկա։ ՀՀ իշխանությունները հիմա ամենահարմար տարբերակն են ընտրել Դավիթ Սարգսյանին պատժելու կամ այս շարժումից նրան մեկուսացնելու համար»,- նշել էր փաստաբանը։