Ալիևը պետք է իմանա՝ հարձակվե՞ց Հայաստանի վրա, կպատժվի. ՀՀ-ն ՄՔԴ-ի անդամ է. Օկամպո

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ առավելագույնը, որ Հայաստանը կարող է անել, Միջազգային քրեական դատարանի համակարգին միանալն է՝ բացելով բոլոր հնարավորությունները:

«Կասյա Աբգարյանն արդեն որոշումը կայացրել և օգտվել է այն հնարավորությունից, որ Հայաստանը պայմանագիրը վավերացրել է և դատախազի առջև դրել է պահանջ: Դատախազը հարյուր տոկոսանոց հայեցողություն ունի որոշելու՝ վարույթ սկսի՞, թե՞ ոչ, բայց տեղեկության տրամադրումն արդեն շատ կարևոր է: Գործընթացը սկսվել է: ՄՔԴ-ն, ինչպես և դատավոր Աբգարյանը, միջամտում են հանցագործության կատարումից հետո: Կանխարգելման հատվածը ենթադրում է գործընթաց: Դրականն այստեղ այն է, որ Ալիևը գիտի՝ եթե հարձակվի Հայաստանի վրա՝ կդատապարտվի՝ նրան մեղադրանք կներկայացվի, և դա պաշտպանական միջոց է Հայաստանի համար»,- ընդգծեց ՄՔԴ առաջին դատախազը:

Կալիֆոռնիայի Օրանժ շրջանի Գերագույն դատարանի դատավոր Կասյա Աբգարյանն էլ նշեց, որ եթե Հայաստանը ՄՔԴ անդամ չլիներ, Ալիևն իրեն ավելի ուժեղ կհամարեր. «Որևէ մեխանիզմ Հայաստանը չէր ունենա պաշտպանվելու: ՄՔԴ-ին միանալը կանգնեցնելո՞ւ է Ալիևին՝ հանցագործություններ կատարելիս, հավանաբար՝ ոչ, բայց կմտածի, որովհետև հիմա Հայաստանը շատ ավելի խոշոր համակարգի մի մաս է, որը կարող է շարժվել իր դեմ»:

 

Տեսանյութեր

Լրահոս