Բաժիններ՝

Եսասիրության ճահճից դուրս հանող առաքինությունը

«Հաստա՛տ իմացեք, որ եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի և չմեռնի, ինքը կմնա որպես առանձին հատիկ, իսկ երբ մեռնի, բազմաթիվ հատիկներ կտա»,- գրված է Սբ. Հովհաննեսի Ավետարանում (12:24): Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի զոհաբերի Իրեն հանուն մարդկության փրկության: Հողի մեջ նետված ցորենը քայքայվում է և մեռնում, բայց նրանից ծնվում է նոր կյանք, բազում նոր ցորեններ: Իսկ եթե ցորենը չմեռնի և պահպանի իրեն, ապա նոր կյանք և նոր պտուղ չի լինի:

Մեր Տերն աշխարհ եկավ զոհաբերության ուղիով և կոչ արեց. «Ով ուզում է Ինձ ծառայել, պետք է հետևի Ինձ, և որտեղ Ես եմ գտնվում, այնտեղ կլինի և Ինձ ծառայողը», նաև՝ «Ով սիրում է իր անձը, կորցնում է այն, իսկ ով անտեսում է իր անձն այս աշխարհում, այն պահած է լինում հավիտենական կյանքի համար» (Հովհաննես 12:25-26):

Աստծուն ծառայելու և Նրան հաճելի լինելու հիմքում զոհաբերությունն է: Յուրաքանչյուր բարի արարք ոչ այլ ինչ է, եթե ոչ զոհաբերություն:

Պահքը, աղոթքը, հնազանդությունը, վանական կյանքը, եկեղեցի գնալը, ողորմությունը նույնպես զոհաբերություններ են: Օրինակ՝ անձը, պահք պահելով, իրեն զրկում է որոշ ուտեստներից, ողորմությամբ՝ իր ունեցածից: Սբ. Հովհան Մանդակունին ասում է, որ Աստված ոչ թե տվածի չափին է նայում, այլ՝ տվողի տրամադրությանը: Իսկ Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին այն ողորմություններն է նվիրատվություն համարում, որ Աստծո սիրո համար արդար վաստակից են բաշխվում կարոտյալներին՝ ըստ կարողության չափի, զվարթադեմ, անտրտունջ, անմիջապես և ծածուկ:

Կարդացեք նաև

Եկեղեցի գնացողն ու աղոթողը նույնպես քայլում է զոհաբերության ուղիով, որովհետև զոհաբերում է իր ուժն ու ժամանակը, որ կարող էր իր անձի համար օգտագործել: Իսկ հնազանդության մեջ գտնվողը զոհաբերում է իր կամքը, որ հակում ունի դեպի ինքնասիրություն: Որևէ վանքում յուրաքանչյուր վանականի առաջին պարտականությունը հնազանդությունն է, և նրանք իրենց ողջ կյանքը նվիրաբերում են Աստծուն՝ խնդրելով Նրա ողորմությունն ողջ աշխարհի համար:

Այսկերպ քրիստոնեական կյանքը մշտապես պահանջում է զոհաբերություն և ինքնահրաժարում: Զոհաբերությամբ մարդն ընդօրինակում է Քրիստոսին, ինքն իրենից վեր բարձրանում՝ վայելելով երկնային ուրախություն և օրհնություն:

Ընդհանրական եկեղեցու պատմության էջերը լի են զոհաբերության, նահատակության ուղիով ընթացողների օրինակներով: Շատ սրբեր մեծ ուրախությամբ, սաղմոսերգությամբ իրենց կյանքն էին զոհաբերում հանուն Քրիստոսի, նրանց մեջ կային նաև կենդանի նահատակներ:

Բազմաթիվ ճգնավորների կյանքը որպես սերմ է հանդիսացել, որոնցից աճել են աշխարհը դարերով լուսավորող քրիստոնեական վանքեր: Մարգարեների, առաքյալների և հանուն Քրիստոսի նահատակվածների արյունը հանդիսացել է հիմքը եկեղեցու, որի անկյունաքարն է Ինքը՝ Քրիստոս: Նրանով է, որ ամբողջ կառույցը ներդաշնակ միասնությամբ աճել է ու դարձել Տիրոջ սեփական Սուրբ Տաճար (Եփեսացիներ 2:20-21):

Անդրադառնալով մեր եկեղեցու պատմությանը՝ հիշենք, որ աշխարհի առաջին քրիստոնյա պետության՝ քրիստոնյա Հայաստանի ծննդյան համար արգասաբեր սերմեր էին սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների, սբ. Հռիփսիմյանց և սբ. Գայանյանց կույսերի նահատակությունները, մեր առաջին հայրապետ՝ սբ. Գրիգոր Լուսավորչի բազմամյա չարչարանքները:

Զոհաբերությունն առավելաբար գործում է նաև պատերազմի դաշտում: Հերոսն իր կյանքի գնով իր ազգին է պարգևում խաղաղ և հանգիստ կյանք:

Զոհաբերության գնացողը և առավելապես իր կյանքն ուրիշի համար զոհաբերողը մոտենում է Աստծուն, դառնում Նրա կատարելության, Նրա Սիրո նմանակողը: «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48),- պատվիրում է Ավետարանը:

Կարինե Սուգիկյան

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս