ՀՌԱՀ նախագահի և անդամների բարձր աշխատավարձ-պարգևավճարը բյուջեի վրա հավելյալ 14 միլիոն դրամ է նստել

Կառավարության պահուստային ֆոնդից  միլիոնավոր դրամներ են հատկացվել  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին։

Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 14 միլիոն 225 հազար դրամը կուղղվի ՀՌՀ-ի նախագահի և անդամների աշխատավարձերի և հավելավճարների, պարգևավճարների վճարմանը։

Ֆինանսների նախարարությունն առաջարկել է պահանջվող գումարն ապահովել ՀՀ 2024թ. պետական բյուջեով Հանձնաժողովին հատկացված միջոցների հաշվին՝ հավելյալ բյուջեից գումար պահանջելու փոխարեն։

Ավելին, Ֆիննախից հայտնել են, որ 2024թ. պետական բյուջեով կանխատեսված եկամուտների հավաքագրման հետ կապված խնդիրներ կան, ՀՀ կառավարությունը ներկայիս սոցիալական և հումանիտար մարտահրավերներին դիմակայելու խնդիր ունի, իսկ Կառավարության պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է։

Չնայած այս մտահոգություններին՝ 14 միլիոն դրամն ուղղվել է պարգևավճար, հավելավճար ու աշխատավարձի մարմանը։

Հիշեցնենք, որ բյուջեից հավելյալ միջոցներ հատկացնելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ ամիսներ առաջ Կառավարությունը որոշեց բարձրացնել ՀՌՀ նախագահի և անդամների աշխատավարձերի դրույքաչափը։

Օրինակ, Հեռուստատեսության  և ռադիոյի հանձնաժողովի նախագահի համար աշխատավարձի դրույքաչափի գործակից սահմանվեց 14-ը՝ հավասարեցնելով ԿԸՀ նախագահի վարձատրությանը։

Նախկինում ՀՌՀ նախագահի գործակիցը 10 էր, և, եթե Տիգրան Հակոբյանը նախկինում ստանում էր ամսական 832.000 դրամ, ապա փոփոխությունից հետո ստանում է 1 մլն 164.000 դրամ։

Դրույքաչափի  հենց այս բարձրացումն է, որ առաջացրել է հավելյալ միջոցների անհրաժեշտություն, որոնք էլ տրվել են պետական բյուջեից։

Տեսանյութեր

Լրահոս