Հայաստանի և հայի թշնամին դուք եք. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին
«Վերջին շրջանում իշխանականներից մեր հայրենակիցները շատ լսած կլինեն շրջաբերական բառը: Դեղին մամուլում հայտնվել է հրապարակում, որը ԱԺ ամբիոն է հասել: Դաշնակցությանը մեղադրում են իբրև թե երկրի ինքնիշխանությունը զիջել ցանկանալու մեջ, և երկրորդ երկաթբետոնյա փաստարկը. ասում են՝ չեն հերքում, ուրեմն՝ ճշմարտություն է: Այսինքն՝ եթե հիմա ես ԱԺ ամբիոնից դեմքի լուրջ արտահայտությամբ ասեմ, որ դուք, օրինակ՝ ուղտ եք, ու չհերքեք, դա ճշմարտությո՞ւն է, այդպե՞ս է տրամաբանությունը ձեր աշխատում»,- ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Ձեր դեղին մամուլը հրապարակել է մի թուղթ, որում գրված է, որ գոյութենական գերխնդիր է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, կայունության և զարգացման ապահովումը: Դուք ասում եք, որ սա մենք ասել ենք: Ուրիշ ինչ ենք ասել՝ ըստ ձեզ. Հայության անվտանգության, զարգացման և ինքնադրսևորման համար անկախ պետականությունն անհրաժեշտություն է, իսկ ազգն ու հայրենիքը՝ գերագույն արժեք: Տրամաբանություն ՔՊ լեվլ էլի, էս ենք ասում ու հետո քննարկում ենք՝ Ռուսաստանին կամ այլ պետության ո՞նց զիջենք անկախությունը:
Ես այս աշխատանքն անող լրագրողին իրականում գործից կազատեի: Վահագն Ալեքսանյանի և Արթուր Հովհաննիսյանի ասածներում ճշմարտություն է հետևյալ երկու փաստը՝ այո, Դաշնակցությունը ժողով անում է, այո, Դաշնակցությունը շրջաբերականներ իջեցնում է իր շարքերին, մնացած ձեր ասածներում որևէ ճշմարտություն չկա: Այդ ժողովից Դաշնակցությունն ունի պաշտոնական հայտարարություն, եթե այդքան հետաքրքրված եք մեր պատմությամբ, կարող եք ծանոթանալ»,- ասաց նա՝ ընդգծելով՝ իշխանություններն ապացուցելու բան ունեն, ոչ թե ՀՅԴ-ն:
«Ինքնիշխանության թշնամին էլ եք դուք, Հայաստանի թշնամին էլ եք դուք, հայության թշնամին էլ եք դուք, ձեզնից է պետք պաշտպանել, Դաշնակցությունից հաստատ որևէ մեկին պաշտպանել պետք չէ, հատկապես՝ Հայաստանի Հանրապետությունը»,- շեշտեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում