«Ամեն օր վեր է կենում, ասում՝ վայ, ես դեռ ԱԺ նախագահի աթոռին ընկած եմ. զարմանում են». Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ այլևս իմաստ չկա խոսելու «դավաճանական խմբակի մաս կազմող» Ալեն Սիմոնյանի մասին, քանի որ նրա սկզբունքայնությունն իսպառ վերացել է կամ գոյություն չի ունեցել երևի։
«Այդ մարդն ասում էր, որ՝ «Աղդամն իմ հայրենիքն է», հիմա ասում է՝ ի՞նչ Աղդամ, ժողովուրդ։ Հիմա իրեն որ ասում ես՝ «աղդամցի Ալեն», իր համար վիրավորանք է, բայց այդ մարդը մի ժամանակ նուռը ձեռքին, հողը պաչելով, չգիտեմ՝ ինչ այլ գործողություններ անելով, երդվում էր, որ Աղդամն իր հայրենիքն է, ինքը ոչ մի տեղ չի գնալու, մինչև վերջ պայքարելու է, և այլն։ Հիմա եկավ, հասավ նրան, որ պարզվում է՝ «Աղդամն Ադրբեջան է», թե ինքն ի՞նչ գործ ուներ այնտեղ, անհասկանալի է։ Պարզվում է, որ 2018 թվականին «Արցախը Հայաստան է, և վերջ» նախադասության դոշ ծեծողները, Շուշիում պար բռնողները հիմա այս ամենը համարում են Ադրբեջան։ Սրանք անհատակ են, անհատակության մեջ են։
Այս մարդկանց պատասխանատվության ժամը վրա չի հասել։ Ամեն օր արթնանում, նայում են հայելու մեջ ու ասում՝ վայ, մենք դեռ մեր շքեղ տների մեջ ենք, վայ, մեր ախրանան, թանկ ու կրակ պադավատը մեզ է սպասում, վայ, ես դեռ ԱԺ նախագահի աթոռին եմ վեր ընկած, զարմանում են»,- Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Աննա Մկրտչյանը։
Նա խոսեց նաև Ալեն Սիմոնյանի մեկ այլ հայտարարության մասին, թե՝ «ընդդիմությունն օրվա իշխանության համար Աստծո պարգև է», շեշտելով, որ Ալեն Սիմոնյանը ստում է ամեն ինչում, ստում է անդադար։
«Եթե մենք այդքան իրենց համար լավն ենք, բա ինչպե՞ս է, որ նույնիսկ օրենքով սահմանված կարգով մեզ հասանելի ԱԺ իրավասությունների շրջանակներում մեզ չեն կարողանում հանդուրժել։ Բա որ այդքան լավն ենք, ինչպե՞ս է, որ իմ ԱԺ նիստերի դահլիճ մտնելուց հետո ախրանա է կանչում, որ ինձ դուրս հանեն։ Բա որ այդքան լավն ենք, թող թուլանան ու հաճույք ստանան»,- հավելեց Աննա Մկրտչյանը։
Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի գործին և այդ գործով դատավոր Վահե Դոլմազյանին, Աննա Մկրտչյանն ասաց, որ մինչև դատավոր դառնալը Վահե Դոլմազյանը դատախազ էր ու այն արդարադատության շղթայի մեջ էր, որն ընդունված է անվանել արդարադատության համակարգ։
«Երբ ինքը դատախազ էր, Հայաստանում դատարաններ են շրջափակվել, դատավորի են պատուհանից ցած գցել, հետո ասել են, թե՝ այդ ո՞ր մի «վնգստացող դատավորն է, որ իմ ասածը չպետք է անի»։ Այս ամենը Վահե Դոլմազյանին իր կարիերայի ընթացքում ոչ մի վայրկյան չի նեղել։ Սարքած գործն իր աչքի առաջ փլվում է, ու սա իր համար կալանքը վերացնելու հիմք չէ։ Վահե Դոլմազյանը շարունակում է մնալ Նիկոլի հպատակության շղթայի մի մասը»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում