Հայաստանում անցկացրած օրերը դավաճանաբար արագ են անցնում. Նարեկ Հախնազարյան
ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը, որին աշխարհի ամենահեղինակավոր լրատվականները ֆենոմենալ թավջութակահար են համարում, սեպտեմբերի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա բազմաժանր և հետաքրքիր համերգով։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հախնազարյանը նշում է՝ երևանյան համերգն իր համար շատ կարևոր է, որովհետև առաջին անգամ հայրենիքում ելույթ կունենա դաշնակահար Գեորգի Չաիձեի հետ։
«Նա փայլուն երաժիշտ է, դաշնակահար, որի հետ տարիներ շարունակ ելույթներ եմ ունենում Եվրոպայում։ Մենք շատ ներդաշնակ ենք բեմում, մեր երաժշտական նախասիրությունները, էներգետիկան շատ մոտ են։ Նրան շատ սիրում եմ որպես լավ ընկերոջ և փայլուն դաշնակահարի։ Գեորգին ինձ համար ասես թաքնված ադամանդ լինի, որովհետև հաճախ հանդես չի գալիս որպես մենակատար, բայց ամեն բան առջևում է»,-ասում է երաժիշտը։Համերգային երեկոյի ծրագիրը հարուստ է։ Ընդգրկված են և՛ դասական ռոմանտիկ ստեղծագործություններ, և՛ այլ։
Առաջին բաժնում կհնչեն Ռոբերտ Շումանի «Ալեգրո և ադաջիո» ստեղծագործությունը և Ֆելիքս Մենդելսոնի «№ 1 ռե մաժոր սոնատը»։Հախնազարյանի խոսքով՝ Մենդելսոնի սոնատը հազվադեպ է կատարվում աշխարհում, գուցե Հայաստանում էլ հաճախ չի հնչում։ Պատճառն այն է, որ այն հանճարեղ և տեխնիկապես ծանր գործ է, ուստի բոլորը չէ, որ ցանկանում են այն կատարել։ Հախնազարյանն ու Չաիձեն սոնատն աշխարհի տարբեր երկրներում են կատարել ու սիրով են նվագելու նաև Հայաստանում։
Երկրորդ բաժինը Հախնազարյանն առանձնահատուկ ու հետաքրքիր է համարում, քանի որ այն ֆոլկլյորային է։ «Ես հայ եմ, իսկ Գեորգին՝ կիսով չափ վրացի։ Որոշել ենք նվագել Կոմիտասի տասից ավելի մենանվագ, հետո՝ խորհրդային կոմպոզիտոր Սուլխան Ցինցաձեի հինգ պիես՝ ժողովրդական ոճով։ Կավարտենք արգենտինական տանգոյով, որն իմ սրտին շատ մոտ է։ Այս տարի ինձ բախտ վիճակվեց մի քանի ամիս անցկացնել Արգենտինայում։ Անհնար էր երկար ժամանակով լինել Բուենոս Այրեսում և չներշնչվել տանգոյով։ Այդ երկրում տանգոն անգամ օդի մեջ է։ Շատ ուզեցի, որ Արգենտինայից հետո կայանալիք առաջին համերգին անպայման տանգո կատարենք։ Երբ ասում ենք տանգո, մտածում ենք Աստոր Պիացոլայի մասին, ուստի նվագելու ենք նրա ստեղծագործություններից երկուսը՝ «Օբլիվիոն»-ը և «Գրանդ տանգո»-ն, որը գրված է նաև թավջութակի համար»,-ընդգծում է երաժիշտը։
Ըստ Հախնազարյանի՝ թավջութակը յուրաքանչյուր մեղեդու, կապ չունի, թե այն ինչ գործիքի համար է գրված, տալիս է հմայք և անկրկնելի ձայնի տեմբր, որն այլ գործիք չի կարող ունենալ։ Նարեկ Հախնազարյանը մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր է և ակտիվ գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում։ Չնայած հագեցած համերգային ծրարերին՝ միշտ ժամանակ է գտնում հայ հանդիսատեսի հետ հաղորդակցվելու համար։
Սեպտեմբերին կայանալիք համերգը դրա վառ ապացույցն է։ Նրա համար Հայաստան գալը մեծ ուրախություն է, իսկ հեռանալը՝ մեծ տխրություն։
«Կապ չունի՝ ուր եմ մեկնում, միևնույն է, չեմ ցանկանում Հայաստանից դուրս գալ։ Հայաստանում անցկացրած օրերը դավաճանաբար արագ են անցնում։ Հայրենիքում ելույթ ունենալն ինձ համար մեծ երջանկություն և պատասխանատվություն է, քանի որ հարազատ ունկնդրի հետ եմ առնչվում՝ բարեկամներ, ընկերներ, ծանոթներ, ինչն առանձնահատուկ մթնոլորտ է ստեղծում»,- խոստովանում է Հախնազարյանը։
Հաճախ երաժշտին են մոտենում ծնողներ, որոնք նշում են՝ նրա համերգն ունկնդրելուց հետո են որոշել իրենց երեխային թավջութակի դասերի տանել։ Թավջութակահարը դա մեծագույն պարգև է համարում։
«Մեր երկիրը, մեր ազգը կարիք ունեն որակյալ երաժշտության, կարիք ունեն պահպանելու, զարգացնելու մեր մշակույթի որակը, քանի որ մշակույթից է կախված մեր ինտելեկտուալ աճը։ Եթե մի քիչ նպաստում եմ այդ աճին, ուրեմն կարող եմ ասել, որ երջանիկ մարդ եմ»,-շեշտում է նա և հիշում՝ իր մայրը՝ դաշնակահար Գայանե Հախնազարյանն է որոշել, որ որդին թավջութակ նվագի։
«Մայրիկս ամբողջ կյանքում շատ սիրել է թավջութակ և միշտ ցանկացել է, որ զավակներից մեկը տիրապետի այդ գործիքին։ Մեծ եղբայրս ընտրեց մորս մասնագիտությունը, միջնեկ եղբայրս հորս՝ Սուրեն Հախնազարյանի պես ընտրեց ջութակը, իսկ այժմ շատ լավ դիրիժոր է։ Հայրս ուզում էր, որ ես ևս ջութակահար դառնամ։ Խորհրդային տարիներին մեծ ճանաչում էր վայելում «Իսթվիքյան վհուկներ» ֆիլմը, որում Շերլին Սարգսյանը, Սյուզան Սարանդոնը, Ջեք Նիքոլսոնն են խաղում։ Կինոնկարում մի հատված կա, որում Սյուզան Սարանդոնը կրքոտ նվագում է Դվորժակի թավջութակի կոնցերտը, և թավջութակից ծուխ է դուրս գալիս, հետո՝ կրակ։ Ես շատ չարաճճի երեխա էի. երբ մայրս այդ ֆիլմը դիտել է, հավանաբար իրար է կապել որոշ կետեր և որոշել, որ պետք է նվագեմ։ Նա հորիցս գաղտնի ինձ տարավ Սայաթ-Նովայի դպրոցի թավջութակի դասարան»,-պատմում է Նարեկ Հախնազարյանը։Սուրեն Հախնազարյանը սկզբում զայրացել է, վրդովվել, բայց հետո հաշտվել է իրականության հետ և ընդունել, որ ճիշտ ընտրություն է կատարվել։
Մի առիթով Հախնազարյանը խոստովանել է՝ սիրահարվել է թավջութակին։ Կարծում է՝ իրեն նախ գրավել է գործիքի յուրահատուկ ձայնը։
«Նման թանձր ձայն նաև հայկական դուդուկն ունի։ Այս լարային գործիքի ձայնը շատ մոտ է մարդու հոգուն, սրտին։ Ուսումս շարունակելու ընթացքում հասկացա, որ իրականում թավջութակը ունիվերսալ գործիք է։ Ճիշտ մոտեցմամբ նրանով կարելի է նաև այլ երաժշտական գործիքների համար նախատեսված ստեղծագործություններ նվագել։ Այն մեծ ազատություն է տալիս»,- ասում է նա։Երաժիշտը երբեք չի ձանձրանում Բեթհովենի, Չայկովսկիի, Ռախմանինովի, Շոստակովիչի, Շումանի և այլ անվանի կոմպոզիտորների գործեր կատարելուց։
Նա կարծում է, որ դասական երաժշտությունը բազմաթիվ գանձեր է տվել աշխարհին, որոնք էլ իրենց հերթին ամբողջ կյանքի ընթացքում բազմաթիվ գլուխգործոցներ են գրել, որոնք հավերժ կմնան մարդկության պատմության մեջ։ Հախնազարյանը մշտապես նորովի է բացահայտում, այլ կերպ է նվագում, այլ լեզվով մատուցում անգամ այն ստեղծագործությունը, որը բազմաթիվ անգամներ է կատարել։ Նա փորձում է պահպանել ստեղծագործական, կատարման ազատությունը, սակայն շեշտում է՝ դասական երաժշտությունը ջազից տարբերվում է հստակ կանոններով, գրված պարտիտուրով։ «Դասական երաժիշտը կամուրջ է կոմպոզիտորի և ունկնդրի միջև։
Մենք միշտ պետք է հարգանքով վերաբերվենք կոմպոզիտորին։ Շեքսպիրի Համլետի մենախոսությունը գրված է, սակայն տարիներ շարունակ այն հազար տարբեր կերպ են ներկայացնում, մեկնաբանում տարբեր ինտոնացիաներով։ Դասական երաժշտությունը ևս այդպիսին է։ Պարտիտուրը գրված է, բայց դու կարող ես քո զգացմունքներով, էներգետիկայով այն ներկայացնել, իսկ բեմում այդ մասին չես մտածում, միայն հոգու զրույց է տեղի ունենում»,- ասում է թավջութակահարը։
Հախնազարյանին հետաքրքիր են նաև երաժշտական փորձարարությունները տարբեր ժանրերում։ Տարիներ առաջ մասնակցել է երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի երաժշտական նախագծերից մեկին, որի շրջանակում երգիչ Գոռ Սուջյանի հետ կատարել է Շառլ Ազնավուրի «Հավերժական սեր» ստեղծագործությունը։ Որոշ ժամանակ առաջ Ֆրենկ Սինատրայի երգերն է թավջութակով մատուցել։ Վստահ է՝ եթե ինչ-որ բան ճաշակով է արվում, ուրեմն վատ չէ։Թավջութակահարին բավականություն է պատճառում նաև կինոարտադրության ոլորտում աշխատելը։
Նա համագործակցել է ականավոր ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի, Էդգար Բաղդասարյանի և այլ ռեժիսորների հետ։
Ձայնագրել է ֆիլմերի սաունդթրեքեր, անգամ՝ նկարահանվել է։ «Կինո շատ եմ սիրում և այն համարում եմ արվեստի ամենահետաքրքիր ճյուղերից մեկը։ Մեծ հաճույք եմ ստացել Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Բրեժնևը» ֆիլմում նկարահանվելուց։ Երազանքս կինոյում ոչ միայն որպես թավջութակահար հանդես գալն է կամ սաունդթրեք ձայնագրելը, այլև որպես դերակատար ներկայանալը, ուստի Բաղդասարյանի ֆիլմում այդ փոքր դրվագում նկարահանվելը շատ հաճելի էր, նոր աշխարհ էր ինձ համար, բացահայտում։ Շատ հիշվող պահ էր դա։ Ֆիլմի պրեմիերային ապշեցի։
Չէի պատկերացնում, թե ինչ է ստացվելու, բայց հավանեցի, իսկ Կուստուրիցայի հետ աշխատել եմ «Հարդագողի ճանապարհով» ֆիլմի շրջանակում՝ ձայնագրելով սաունդթրեքը։
Նրա հետ ծանոթանալը, շփվելն արդեն մեծ իրադարձություն է, քանի որ նա հզոր ու ֆանտաստիկ անձնավորություն է, իսկ Կուսուրիցայի ֆիլմի ստեղծմանը մասնակցելը բախտավորություն էր։ Գիտեմ երաժշտության կարևորությունը ֆիլմում։
Վիզուալը կարող է լինել հանճարեղ, սակայն եթե սխալ երաժշտական ընտրություն է արվել, վիզուալի էֆեկտը քչանում է և՝ հակառակը։ Նաև մասնակցել եմ Իննա Սահակյանի «Արշալույսի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմի ստեղծմանը։ Այն դիտեցի մինչ ձայնի վրա աշխատելը, ապշեցի, հուզվեցի։ Կարծում եմ՝ դա ազդեցություն թողեց իմ աշխատանքի վրա»,- պատմում է Նարեկ Հախնազարյանը։
Երևանյան համերգից հետո թավջութակահարը համերգներով հանդես է գալու Շվեյցարիայում, Կորեայում, Բրիտանիայում, Իսպանիայում։