«Սանոսյա՛ն, արածդ ասֆալտը դուրդ գալի՞ս է… սա իր թափած ասֆալտն է, որ մոր համար Երևանում 250.000 դոլարանոց տուն է կառուցում». Մաքենիսեցի
2022 թվականի սեպտեմբերի 13-14-ից հետո Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վարդենիսի տարածաշրջանի անվտանգությունն ավելի խոցելի է դարձել։ Կան գյուղեր, որոնք ամբողջովին հայտնվել են թշնամու դիտարկման տակ։
Մաքենիս գյուղը, հարակից Լճավան և հարևան գյուղերը ևս թշնամու դիտարկման տակ են։ Մաքենիսի բնակիչների խոսքով՝ Հայաստանի կառավարության ղեկավարը պատերազմից հետո մեկ անգամ չի գնացել գյուղ, որ «տեսնի՝ իր քաղաքացիները մեռա՞ծ են, թե՞ ոչ»։
Մաքենիսի բնակիչ 67-ամյա Վաղիկ Հարությունյանի խոսքով՝ իշխանությունները միայն իրենց ասֆալտով են հպարտանում, բայց պարզվում է՝ ասֆալտն էլ բանի պետք չէ, որովհետև այսօր անում են, վաղը քանդվում է։
Վաղիկ Հարությունյանը նախ դիմեց Տարածքային Կառավարման նախարար Գնել Սանոսյանին, այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանին։
«Ընկեր Սանոսյան, Գեղարքունիքի մարզպետ էիր, հետո գնացիր Տարածքային կառավարման նախարար, քո սարքած ասֆալտը դուրդ գալի՞ս է, որ երկու տարին չլրացած՝ արդեն 15 տեղով կարկատան է եղել։ Եկեք Լճավանում հիմա դնենք՝ ստուգենք՝ 2 սլոյ իրար հետ 4 սմ ասֆալտ չկա։ Մարդ ուղարկեք, թող չափեն, 2 սլոյ 4 սմ ասֆալտ եղավ, ինձ տարեք դատեք, ամբողջ տարին նստեմ բանտում։ Ձեր ասֆալտն էս է, երկու տարում կարկատա՞ն եք անում։ Եկեք, եկեք Մաքենիս, Ծովակ, Լճավան, տեսեք՝ ձեր ասֆալտին քանի տեղով կարկատան են գցել արդեն։ Երկու տարի առաջ արած ասֆալտը երկու տարի հետո կկարկատե՞ն»,- 168.am-ի հետ զրույցում վրդովված ասաց բնակիչը։
Նա տեղյակ չէ, ասֆալտ անելուց գոնե նմուշառում արե՞լ են, թե՞ ոչ։
«Սա էլ ընկեր Սանոսյանի թափած ասֆալտն է, որ մոր համար Երևանում 250.000 դոլարանոց տուն է կառուցում, ասում է՝ եղբայրներս են տվել, բա մինչև այսօր ինչո՞ւ չէին տալիս։
Դե, երևի եղբոր փողերը Ռուսաստանում նոր է հավաքվել, ուղարկել է, արդեն մորը շենք պետք է սարքի։ Կվայելի, ոչինչ, դա էլ վաղը ուրիշ «կլիենտներ» կգան, ձեռքից կտանեն, բան չկա։ Մինչև ձեր կյանքի վերջ նախարար չեք մնալու, փոփոխական է ամեն ինչ, գոնե այնպես արեք, որ ձեզ էլ հարգեն։ Անհարգանք մի մնացեք, մարդկանց համար էլ աշխատեք, միայն ձեր «ջեբի» համար մի աշխատեք»,- նշեց Վաղիկ Հարությունյանը։
Այնուհետև դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ նա հորդորեց՝ «մարդ ուղարկի, ասֆալտը նայեն»։
«Ամերիկացին ասում է՝ ինչ տեսել՝ տեսել էինք, կարկատան արած ասֆալտ չէինք տեսել։ Հիմա մենք տեսնում ենք»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում