Չեմ գերագնահատում կամ թերագնահատում ազգային թիմի ոչ մի մրցակցի. Վարազդատ Հարոյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանի կարծիքով՝ ընտրանին չի թերագնահատում կամ գերագնահատում ոչ մի մրցակցի:
Հարոյանն այս մասին խոսել է Լատվիայի դեմ Ազգերի լիգայի հերթական խաղին նախորդող նախախաղային ասուլիսի ժամանակ:
«Նախորդ տարիների համեմատ շատ ենք փոխվել: Այժմ ոչ մի հավաքականի գերագնահատել կամ էլ թերագնահատել չի կարելի: Բոլոր թիմերն են բարձր մակարդակի ֆուտբոլ խաղում: Եթե խնդիր ունենան հարձակման գծում, ապա լավ են գործում պաշտպանությունում»,-նշել է Հարոյանը:
Վերջինիս նաև համեմատեց նախորդ ընտրական փուլի ազգային թիմին` ներկայիս ընտրանու հետ, նաև համեմատելով Լատվիայի դեմ նախորդ խաղերը: «Հավաքականի հիմնական կազմի առումով, կարող եմ ասել, որ մի քանի ֆուտբոլիստներ չեն միացել հավաքականին և դա է հիմնական տարբերությունը` նախորդ մրցափուլի հավաքականի հետ համեմատ: Այժմ թիմում են երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք դեռ պետք է ապացուցեն, թե ինչի համար են հրավիրվել թիմ»,-ասել է նա:
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան-Լատվիա հանդիպումը։