Դատախազություն են հրավիրվել «անպիտան հրթիռների» գործով անցնող Ստեփան Գալստյանը և Ավետիք Մուրադյանը

Դատախազությունն ուսումնասիրում է բարձրաստիճան զինվորականների գույքի ծագումը։ Այս անգամ դատախազության ուշադրության կենտրոնում են հայտնվել մեղադրյալի կարգավիճակ ունեցող ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և Զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի գույքը։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Ստեփան Գալստյանը և նրա հետ փոխկապակցված անձինք հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Ըստ ծանուցման՝ դատախազությունում ուսումնասիրություն է իրականացվել նրանց պատկանող գույքի առնչությամբ, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Վերջիններս պետք է ներկայանան դատախազություն՝ ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու վարույթի առնչությամբ և ներկայացնելու հայտարարգիր։ Գալստյանները պետք է դատախազություն ներկայանան սեպտեմբերի 17-ին։

Նույն վարչություն են հրավիրվել նաև Ավետիք Մուրադյանը և նրան փոխկապակցված անձինք՝ կրկին ծանոթանալու և դիրքորոշում, ինչպես նաև՝ հայտարարագիր ներկայացնելու իրենց գույքի օրինականության վերաբերյալ կատարված ուսումնասիրության առնչությամբ։ Նրանք պետք է դատախազություն ներկայանան սեպտեմբերի 11-ին։

Թե ինչ չափի գույքի օրինականության հարցն է վիճարկում դատախազությունը՝ դեռևս հայտնի չէ։ Նշենք, որ թե՛ Մուրադյանը, թե՛ Գալստյանը մեղադրյալ են, այսպես կոչված, «անպիտան հրթիռների» գործով, որով տևական ժամանակ կալանքի տակ են գտնվել։ Նրանց խափանման միջոցը հետագայում փոխվել է։

Տեսանյութեր

Լրահոս