
Հյուսիսային Կորեան աղբով լի 420 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա

Հյուսիսային Կորեան երկրորդ օրը շարունակ աղբով բեռնված փուչիկներ է արձակել Հարավային Կորեայի կողմը։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։
Հստակեցվում է, որ այս անգամ խոսքը 420 փուչիկի մասին է, որոնց առաջին խմբաքանակն արձակվել է սեպտեմբերի 4-ի ուշ երեկոյան։ Սեպտեմբերի 5-ի առավոտյան նոր փուչիկներ են նկատվել: Շուրջ 20 փուչիկ հավաքվել է Կորեական թերակղզու հյուսիս-արևմուտքում, մասնավորապես, հարավկորեական Գյոնգի-դո նահանգում։
Նշվում է, որ փուչիկների ներսում հիմնականում եղել են թղթի և պլաստիկի թափոններ, որոնք առողջության համար վտանգ չեն ներկայացնում։
Մայիսի վերջից Հյուսիսային Կորեան աղբով բեռնված հազարավոր փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա՝ որպես պատասխան այն քարոզչական թռուցիկների, որոնք Հարավային Կորեայում հյուսիսկորեացի փախստականները ԿԺԴՀ էին ուղարկում նաև փուչիկների միջոցով։Ի պատասխան փուչիկների արձակման՝ Սեուլը վերսկսել է բարձրախոսներից քարոզչական բնույթի նյութերի հեռարձակումը դեպի ԿԺԴՀ-ի կողմը։