«Ցանկանում ենք, որ Թուրքմենստանը դառնա ԹՊԿ-ի լիիրավ անդամ». Աշխաբադում Թուրքիայի դեսպան

Աշխաբադում Թուրքիայի դեսպան Ահմեդ Դեմիրոքն անդրադարձել է Թուրքիայի և Թուրքմենստանի միջև առկա հարաբերություններին և երկրու երկրների համագործակցությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա, հիշեցնելով, որ Թուրքիան առաջին պետությունն է եղել, որը ճանաչել է Թուրքմենստանի անկախությունը, ընդգծել է, որ երկու երկրների միջև մշակութային, կրոնական, լեզվական և պատմական կապեր կան՝ դրանք անվանելով «արմատական»:

Այնուհետև, թուրք դիվանագետն անդրադարձել է Թուրքիա-Թուրքմենստան առևտրաշրջանառությանը՝ շեշտելով, որ այն 2023-ին կազմել է 2.6 մլրդ դոլար: Նա ընդգծել է, որ կողմերն ունեն համատեղ նպատակ՝ այն հասցնել 5 մլրդ դոլարի:

Տնտեսական հարաբերություններից խոսելուց հետո Դեմիրոքն անցում է կատարել քաղաքականի: Նա հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է, որպեսզի այժմ «Թյուրքական պետությունների կազմակերպությունում» դիտորդի կարգավիճակ ունեցող Թուրքմենստանը դառնա «ԹՊԿ»-ի լիիրավ անդամ:

«ԹՊԿ-ն ընտանեկան խորհուրդ է, որը նպատակ ունի մեծացնել թյուրքական պետությունների միջև առկա փոխազդեցությունն ու համագործակցությունը: Մենք ցանկանում ենք, որպեսզի Թուրքմենստանը միանա ԹՊԿ-ին և Թուրքական պետությունների խորհրդարանական ասամբլեային (TÜRKPA)՝ որպես լիիրավ անդամ:

Թուրքմենստանը թյուրքական աշխարհի ընտանիքի շատ կարևոր անդամ է: Մեր հույս ունենք, որ Թուրքմենստանը մոտ ժամանակներս ԹՊԿ-ի լիիրավ անդամակցությամբ թյույրքական աշխարհում համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվելու»:

Տեսանյութեր

Լրահոս