
«Զվարթնոցի» ոստիկանները երիտասարդի մոտ հայտնաբերել են կոկաին և մարիխուանա

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկութուն, որ դիմավորելու համար ժամանման սրահ եկող մի քաղաքացի ապօրինի պահում է թմրամիջոց:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանները քաղաքացուն նկատել են ժամանման սրահի վերելակների մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են գծային բաժին:
Անձնական խուզարկությամբ Վաղարշապատ քաղաքի բնակիչ 32-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և սպիտակ փոշենման զանգված: Նա հայտնել է, որ մարիխուանան ու կոկաինն իրենն են` անձնական օգտագործման համար:
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: