Բաժիններ՝

Գերեզմանօրհնեք

Հոգևոր բարեպաշտական արարողություններից գերեզմանօրհնեքը քրիստոնեական հարության գաղափարի արտահայտությունն է: Այս արարողությամբ քրիստոնյա անհատը արտահայտում է մահվան ու հարության հանդեպ իր հիմնական հոգևոր սկզբունքները: Գերեզմանօրհնեքի նպատակն է հիշել ննջեցյալներին և ավետել նրանց հարության հույսը:

Ըստ Պողոս առաքյալի՝ Քրիստոսի հարությունը պատճառն է բոլոր մարդկանց հարության, և նրանով հաստատվում է մեր հարությունը։ Եվ ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում. «Մեր Տերը գերեզմանից հարություն առավ՝ մեզ բնութենակից լինելով, եղավ անդրանիկը մեռելներից և ննջեցյալների առաջին պտուղը»:

«Հարությունը Քրիստոսի՝ սի՛րտն է քրիստոնեության, բանալին՝ քրիստոնեական հավատքի հասկացողության, գաղտնի և անհաղթահարելի ուժը՝ կյանքի հաղթության: Մարդու կյանքը հիմնովին կնորոգվի, երբ Քրիստոսի հարության լույսով ողողվի այն» (Գարեգին Ա):

Գերեզմանը մահացածի մշտական հանգրվանը չէ, այլ՝ նախնական հանգստարան: Եվ քանի որ գերեզմանի հանգիստը մինչև հարություն ժամանակավոր քուն է, ուստի մահացածը ննջեցյալ է և ոչ մեռյալ: Քրիստոնյան հավատում է, որ Տերը հարություն պիտի տա բոլոր մարդկանց մարմիններին: Այդ պատճառով մահից հետո առավել կարևորվում է հանգուցյալի հոգու վիճակը և նրա փրկության համար ասված աղոթքը:

Կարդացեք նաև

Մեռելների նկատմամբ բոլոր կրոնների մեջ գոյություն է ունեցել խորը հարգանք ու պաշտամունք: Մեռելները թաղվում էին հարգանքով ու երկյուղածությամբ, այն հույսով, որ մի օր հարություն պիտի առնեն: Քրիստոնեությունը նույնպես լրջագույն հարգանքով է վերաբերվում հանգուցյալի մասունքներին և թաղմանը:

Մեռելների հարության հույսը իրականություն դարձավ Քրիստոսի հարությամբ, և քրիստոնյաները գիտակից հավատքով մոտեցան վերջին դատաստանին և հարությանը:

Մաշտոց ծիսարանի համաձայն՝ գերեզմանօրհնեքի արարողությունը ուղեկցվում է հոգեհանգստյան շարականի երգեցողությամբ, խնկարկությամբ, մոմավառությամբ, աղոթքով, ընթերցվում է Ավետարանից հատվածներ: Քահանան հոգևոր կնիքներով և օրհնությամբ խնդրում է Աստծուն մինչև ննջեցյալի հարությունը նրան հանգիստ պարգևել: Հանգուցյալին հողին հանձնելուց, քահանայի կողմից գերեզմանը խաչակնքելուց և համապատասխան աղոթքից հետո գերեզմանը համարվում է օրհնված և կնքված:

Նախ կնքվում է գերեզմանի արևմտյան (գլխի) կողմը, ապա՝ արևելյան (ոտքերի) կողմը, հետո՝ գերեզմանի սիրտը (ննջեցյալի սրտի մոտ): Գերեզմանն օրհնելով ու կնքելով՝ հոգևորականը աղոթում է, որ այն մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը անշարժ մնա, ինչով էլ խորհրդանշում է հարության հավատը, իսկ ննջեցյալի հարազատների բնական սուգը լրացնում է հոգևոր հույսի պայծառությամբ: Քրիստոնեական խորհրդանիշներով կնքված և օրհնված գերեզմանը ոչ թե սոսկ հանգուցյալի կորուստը սգալու, այլ հոգևոր խորհրդածություններ արթնացնող նվիրագործված մի վայր է, որը մարդուն մղում է հավատով ու հույսով աղոթել ննջեցյալի փրկության համար:

Գերեզմանօրհնեք է կատարվում նաև Տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերին: Մեռելոցին ամեն մարդ գերեզմանատուն է գնում և իր ննջեցյալի գերեզմանը օրհնել տալիս:

Գերեզմանօրհնեքը, ինչպես նաև ննջեցյալների համար ասված աղոթքն ու հոգեհանգիստը հոգու անմահության, հանդերձյալ կյանքի և համընդհանուր հարության հանդեպ քրիստոնեական հավատի վկայությունն է: Արարողությունը վերջին դատաստանի և հարության հույսն է ներշնչում բոլորին:

Եվ ինչպես երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն է ասում. «Մենք գերեզմանաքարերը խաչքարի վերածեցինք խաչի զոհողության գաղափարով՝ հարության ավետիսը պայծառ պահելով մեր հայրենի աշխարհի վրա ու ազգային գոյության հյուսվածքի մեջ»:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am 

Տեսանյութեր

Լրահոս