«Արձագանքները դրական են, մարդիկ հավանում են». Հիսուս Քրիստոսի արձանի հեղինակ

Հատիս լեռան գագաթին շուտով կտեղադրվի Հիսուս Քրիստոսի արձանը։ Արձանի հեղինակ, քանդակագործ Արմեն Սամվելյանն այսօր ծրագրի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ներկայացրեց արձանի կառուցման աշխատանքների ընթացը։

Լրագրողների հետ զրույցում Արմեն Սամվելյանն ասաց, որ արձանը ստեղծելու համար համաշխարհային որևէ ճարտարապետից կամ քանդակագործից չի ազդվել։ Պարզապես Գագիկ Ծառուկյանի կողմից եղել է ընդհանուր մեծ ծրագիր, ինչն էլ եղել է մեծ ազդեցություն իր համար, որ Հայաստանում նման արձան պետք է տեղադրվի։

«Մեր թիմով կարողացանք հասցնել որոշակի ընթացքի, որ արձանն արդեն պատրաստ է, և շարունակությունը պետք է արվի։ Ընդհանուր դժվարություններ ամեն տեղ լինում են, բայց արձանի ստեղծման աշխատանքն այդպես դժվար չէ՝ զգում ես ու անում»,- նշեց քանդակագործը։
Ինչ վերաբերում է արձանի հետ կապված արձագանքներին, ճարտարապետն ասաց՝ բոլորը հավանում են արձանը, արձագանքները հիմնականում դրական են եղել։

«Բացասական բաներ էլ են լինում, բայց ես շատ ուշադրություն չեմ դարձնում, մենք ավելի շատ մեր գործն ենք անում»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

Գագիկ Ծառուկյանն էլ Արմեն Սամվելյանի խոսքին հավելեց, որ միասին են քննարկել, փոփոխություններ արել, թե ինչպես պետք է լինի Հիսուս Քրիստոսի արձանի ձեռքերը, դեմքը, մազերը։

«Նորից եմ ուզում ասել, որ ինքը բնածին գեներով աստվածատուր մարդ է՝ ցանկացած գործ կատարելուց ամենալավն է կատարում։ Ասեմ, որ մասնակցել են 350-370 քանդակագործներ, որոնք տարբեր գործեր են կատարել, եկել են տարբեր երկրներից, ճանաչված մարդիկ են եղել։ Ինքը ինձ հարազատ մարդ չէ, դրա համար ենք իրեն ընտրել, իրեն ընտրել է ժողովուրդը։ Եղել են փոփոխություններ, թե որ մասը, ինչպես պետք է լինի, իրար հետ քննարկել ենք։ Այնպես որ, Աստծո կամոք ստացվել է ամենալավը»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։

Նա նաև ասաց, որ ի սկզբանե եղել է գաղափար, որ արձանը պետք է Ծաղկաձորում տեղադրեին, բայց քանի որ Ծաղկաձորն ամեն օր զարգանում է, որոշել են տեղադրել Աբովյանում, որպեսզի այդտեղ ևս մի քիչ աշխուժանա։

«Բոլորն էլ ուզում են լավ ապրել, բոլորն էլ ուզում են ծրագիր լինի, հույս ու հավատ լինի։ Ես այսօր շատ լավ եմ զգում, որ մարդիկ պատրաստակամ են, բոլորն էլ գիտեն, որ լավ է լինելու։ Ես աշխարհի տուրիզմի նախագահին էի հրավիրել, որը հիացած էր, ամսագրում տպվել էր, որ մարդիկ անհամբեր սպասում են, գալու են ու տեսնեն։ Մենք պետք է կարողանանք ասելու ու ցուցադրելու բան ունենալ»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս