Պիտի կարողանանք ժողովրդին աշխատանքով ապահովել. Գագիկ Ծառուկյան
«Ես ասում եմ՝ սա մեր ազգին, մեր պետությանը մեծ ճանաչում ու հզորություն է տալու»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իր ծրագրին՝ Հատիս լեռան գագաթին շուտով տեղադրվող Հիսուս Քրիստոսի արձանին, որը լինելու է 33 մետր և տեղադրվելու է 44 մետր բարձրությամբ պատվանդանի վրա։
Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ պետք է կարողանան աշխարհին ներկայացնել այն, ինչ ունի Հայաստանը։
«Աստված մեզ շատ բան է տվել, բայց մենք չենք կարողանում մեր եղածը ներկայացնել աշխարհին։ Եթե մենք չունենք գազ ու նավթ, փոխարենը՝ ունենք պատմություն, ժողովուրդ։ Ցանկացած զբոսաշրջիկ՝ գալով Հայաստան, հիանում է մեր երկրով, ժողովրդով՝ իր քաղցրությամբ, հյուրասիրությամբ, մեր կերակուրների, մրգերի համով, որն էկոլոգիապես մաքուր է։ Մենք պետք է կարողանանք զարգացնենք, հզորացնենք ու ներկայացնենք աշխարհին։ Մեր ժողովրդին պիտի ապահովենք աշխատանքով, զբաղմունքով, որպեսզի նրանք կարողանան իրենց գործով զբաղվել՝ արարեն ու իրենց ընտանիքը բարեկեցիկ պահեն»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից Գագիկ Ծառուկյանը հետևում է Հիսուս Քրիստոսի արձանի ստեղծման աշխատանքներին և արձանի քանդակագործ Արմեն Սամվելյանի ու աշխատանքային թիմի հետ քննարկում այն վերջնական տեսքի բերելու ու Հատիս լեռան գագաթ տեղափոխելու վերաբերյալ հարցեր։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում