ՀՀ ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարեն, նրանց «բացատրում» է, որ՝ ԵՄ երկրները ճիշտ են, իսկ իրենք՝ սխալ. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Հայաստանի ԱԳՆ բավականին երկար տեքստով մի պարզաբանում է տարածել ՀՀ քաղաքացիների համար, թե ինչու նրանց թույլ չեն տալիս մուտք գործել Շենգենյան համաձայնագրի մի երկիր, եթե վիզան ստացել են մեկ այլ երկրում:

Եթե «համառոտագրենք», ապա ասում են, որ՝ Եվրամիությունը ճիշտ է, դուք՝ սխալ:

Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիները չեն անում որեւէ խախտում: Այսինքն որեւէ կերպ արգելված չէ ստանալ իքս երկրի վիզա՝ դիմելով տվյալ դեսպանատուն, բայց մեկ կամ երկու օր այնտեղ մնալուց հետո մեկնել շենգենյան գոտու մեկ ուրիշ երկիր:

Եթե Շենգենյան համաձայնագրի երկրները այդ համաձայնագրի կիրառումը իրականացնում են վերապահումներով, ապա հենց սկզբից թող հայտարարեն, որ՝ ՀՀ քաղաքացիներ, ձեզ համար Շենգեն համաձայնագրի էֆեկտը չի գործում եւ դուք պետք է ԵՄ ամեն մի առանձին վերցրած երկիր այցելելուց ունենաք հենց տվյալ երկրի մուտքի վիզա:

Թող հայտարարեն այդպես, այլ ոչ թե կամայական՝ ՀՀ մի քաղաքացի ազատ շրջի, մյուսին էլ հանկարծ թույլ չտան մի երկրի դեսպանատանը ստացած վիզայով մուտք գործել ԵՄ մեկ այլ երկիր:

Իսկ ինչու՞ են ՀՀ քաղաքացիները հաճախ դիմում վիզա ստանալու այդ տարբերակին: Որովհետեւ ՀՀ քաղաքացիներին Շենգենյան վիզա տրամադրելու հարցում իրավիճակը արձանագրել է հետընթաց, եւ դա ոչ թե իմ կարծիքն է, այլ ՀՀ փոխարտգործնախարարի գննահատականը, որը նա բարձրաձայնել է նախորդ տարի խորհրդարանում:

Այդ հետընթացի պայմաններում, ՀՀ քաղաքացին բնականաբար փորձում է գտնել իր համար առաջընթացի տարբերակներ, ընդ որում նկատենք՝ ամենեւին չանելով որեւէ անօրինական, ոչ իրավաչափ գործողություն:

Իսկ ՀՀ ԱԳՆ-ն այդ հարցում ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարեն, նրանց «բացատրում» է, որ՝ ԵՄ երկրները ճիշտ են, իսկ իրենք՝ սխալ:

Եվ սա մի դեպքում, երբ շաբաթներ առաջ մի շռնդալից դիվանագիտական հաղթանակ ու ձեռքբերում էր ներկայացվում, որ ԵՄ անդամ երկրների դեսպանների մակարդակով հավանություն է տրվել Հայաստանի հետ առանց վիզային ռեժիմի շուրջ բանակցություն սկսելու ԵՄ առաջարկին:

Ինչպես նշել էի այն ժամանակ, հիմա էլ կրկնեմ՝ իրական, գործնական առաջընթացի մտադրության պարագայում, փոփոխությունը կլիներ այսպես ասած գետնի վրա՝ վիզաների տրամադրման ներկայիս գործընթացը բնականոն կազմակերպելու հարցում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031