Միլիոններ՝ հեծանիվների, բիոզուգարանների, տանձաձև պուֆերի վարձույթի, սննդի ու հանգստի համար. կեցցե՛ հեծանիվը
Դեռ մեկ ամիս առաջ հերթական հեծանվային զբոսանքից հետո, երբ աշխարհաքաղաքական դերակատարները շարունակում էին քննարկել տարածաշրջանին առնչվող տարբեր խնդիրներ, Նիկոլ Փաշինյանը քննարկում էր հեծանվարշավի համար հերթական վայր ընտրելու հարցը։
Ֆեյսբուքյան էջում նա տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հեծանվային զբոսանք թիվ 5։ Զբոսանքից առաջ և հետո քննարկում ենք «Սևանի շուրջը» հեծանվային արշավի կազմակերպչական հարցեր»։
Հեծանվարշավի խոստումը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի շատ այլ խոստումների, շատ արագ իրականություն դարձավ։ Դրանց համար ժամկետ է մատնանշվել հենց այս շաբաթ-կիրակին։
Արշավը՝ արշավ, բայց Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հեծանիվ քշելը շատ թանկ է նստում Հայաստանի քաղաքացիների գրպանին. համենայն դեպս, այդ մասին ասում են հանրայնացվող պայմանագրերն ու կառավարության որոշումները։
Այսպիսով, նախօրեին պետգնումների էլեկտրոնային armeps համակարգում հանրայնացվեցին վարչապետի աշխատակազմի և երկու ԱՁ-ների միջև կնքված պայմանագրեր, որոնք առնչվում են Գեղարքունիքի մարզում հեծանվարշավի թեմատիկային։ Երկուսի դեպքում էլ ժամկետներ են նշվել օգոստոսի 24-ը և 25-ը։
Առաջինը Լիգիա Վարդանյան ԱՁ-ի հետ կնքված պայմանագիրն է, որով վարչապետի աշխատակազմը պատվիրակել է միջոցառումների կազմակերպման ծառայություններ։
Գնումը կատարվել է հրատապ մեկ անձից ընթացակարգով, այսինքն՝ ոչ մրցակցային եղանակով, և արժեցել է 9 միլիոն 604 հազար դրամ։ Տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք՝ միջոցառման կազմակերպման ծառայությունները ներառում են՝ 6 վրանների, 36 զուգարանների, աղբամանների և տանձանման պուֆերի վարձույթ, 10 հեծանվի վարձույթ և տեխսպասարկում, վերնաշապիկների, ուսապարկերի ու անձրևապաշտպանների լայն տեսականի, ինչպես նաև՝ մաքրության ապահովում, տրանսպորտի և պահնորդական ծառայություններ։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը Սևանի շուրջ հեծանվարշավի համար հաջորդ պայմանագիրը կնքել է Էլյա Ավագյան ԱՁ-ի հետ։ Այս պայմանագրով էլ մատակարարին պատվիրակել են լուծել սննդի հարցը։ Պայմանագրի գին է նշվում 5 մլիոն 34 հազար 480 դրամը։ Այս գումարով 2 օր ԱՁ-ն 2 օրերի ընթացքում 100 հոգու համար տրամադրել է նախաճաշ, ճաշ և ընթրիք։
Ի դեպ, դեռ օգոստոսի 15-ի կառավարության նիստի օրակարգից տեղեկացել էինք՝ Կառավարության որոշմամբ հավելյալ 3 միլիոն 160 000 դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որպեսզի ապահովվի «Tour de Sevan 2024» հեծանվարշավի հանրային իրազեկումը, իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ հեծանվային այս վեհ առաքելության համար պետական բյուջեից հատկացվել է 15 միլիոն դրամ։