Որկրամոլություն և պահք
Այս խրատաշարում արծարծված են յոթ մահացու մեղքերից մեկի՝ որկրամոլության և այն հաղթահարելու միջոցներից՝ չափավորության, պահքի և աղոթքի մասին: Որկրամոլությունը մարմնի բնական պահանջից ավելի ուտելու ունակությունն է: Այն կատարյալ չարիք է և բազում մեղքերի պատճառ: Վնասակար է մարմնի, մտքի և հոգու առողջության համար: Որկրամոլն անհագ ուտելու պատճառով ինքն իրեն գլորում է հոգեկան և մարմնական հիվանդության անդունդը (Ծննդոց 25. 29-34; Եբրայեցիներ 12.16):
Որկրամոլություն են թե՛ շատակերությունը և թե՛ այնպիսի քչակերությունը, որ կատարվում է չափազանց մեծ հաճույքով ու հափշտակությամբ: «Նրանց վախճանը կորուստ է, որովհետև նրանց Աստվածը իրենց փորն է» (Փիլիպպեցիներ 3.19):
Այս մեղքի պատճառով մարդը զրկվեց աստվածային փառքից: Չարը Եվային նախ ասաց. «Երբ ուտես պտղից, կաստվածանաս» (Ծննդոց 3.4-5): Աստվածանալու միտքը նախամորը հպարտացրեց, առիթը պատրաստ էր, և չարը նրա մտքում լիուլի սերմանեց որկրամոլության և ագահության սերմեր: Մեր նախածնողները ճաշակեցին կարծեցյալ «քաղցր» պտուղները, որոնց դառը հետևանքները առ այսօր ճաշակում են մարդիկ:
Իսկ Հիսուս Քրիստոս պատգամում է աշխատել ոչ թե կորստական կերակրի համար, այլ այն կերակրի, որ տանում է դեպի հավիտենական կյանք (Հովհաննես 6.27): Եվ փորձելով մարդուն ազատել այս մտահոգություններից՝ ասում է. «Եվ դուք մի՛ մտահոգվեք, թե ինչ եք ուտելու կամ ինչ եք խմելու, և մի՛ մտատանջվեք, որովհետև այդ ամենը աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են: Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ: Այլ դուք հետամուտ եղեք Աստծո Արքայությանը, և այդ ամենը ավելիով կտրվի ձեզ» (Ղուկաս 12.29-31):
Եկեղեցու հայրերը դարեր շարունակ Աստծո բուժիչ ու քավիչ զորությամբ դարմաններ են պատրաստել: Որկրամոլության դարմանը և բուժիչ առաքինությունը ժուժկալությունն է՝ չափավորությունը, որ դրսևորվում է պահքով:
Ըստ Վարդան Այգեկցու՝ միայն Աստծուն է հայտնի այն մեծությունն ու շահը, որ պահքից լինելու էր մարդուն: Այդ պատճառով առաջին պատվիրանը ուղղված առաջին մարդուն կապված էր պահքի հետ. «Մի՛ ճաշակիր ծառի պտղից» (Ծննդոց 2.17): Բայց Ադամը չհավատաց Աստծո պատվիրանին, որովհետև չգիտեր, թե որքան բարի բան է պահքը, և ճաշակելով պտուղը՝ արտաքսվեց կենաց դրախտից: Այս պատճառով էլ աստվածային գրքերով հրամայվեց պահք պահել, երկնքի երանություն մտնելու համար, որից զրկվեց Ադամը կերակուրի պատճառով:
Եկեղեցու հայրերը Սուրբ Հոգով սահմանեցին եկեղեցու կանոնական պահեցողություններ և որպես ժառանգություն մեզ թողեցին մի շարք հոգեշահ խրատներ: Ըստ նրանց՝ պահքը պիտի լինի միայն Աստծո փառքի համար և անընդունելի է համարվում այն պահքը, օրինակ, երբ ժլատը պահում է, որ դրամը չծախսվի, կեղծավորը պահում է, որ գովեստներ ընդունի, տկարը պահում է, որ մարմինը չվտանգվի, աղքատը պահում է, որովհետև կերակուր չունի: Քանի որ պահքը հոգու սնունդ է և հարստություն, մեղքի սանձահարում, ոչ միայն օգտակար է հոգուն, այլ նաև՝ մարմնին:
Ուրեմն՝ մարդ պետք է իրեն պահի ոչ միայն պարարտ կերակուրներից, այլև մեղքի ամեն պատճառից: Երբ մարմինը պահեցողությամբ տկարանում է, հոգին է զորանում՝ ըստ Պողոս առաքյալի խոսքերի. «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» (Բ Կորնթացիներ 12.10):
Կազմեց Կարինե Սուգիկյանը