Բլինքենը մեկնել է Եգիպտոս
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայելից մեկնել է Եգիպտոս, որպեսզի փորձի առաջընթացի հասնել Գազայում հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ բանակցություններում, որոնք պլանավորված են առաջիկա օրերին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Էնթոնի Բլինքենը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի հետ. Կահիրեն նույնպես, ԱՄՆ-ի և Կատարի հետ միասին, միջնորդ է հանդիսանում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում, որոնք անցյալ շաբաթ անցկացվել են Դոհայում։
Իսրայելում Բլինքենը հանդիպել էր վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որն, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, ընդունել էր Վաշինգտոնի «կամրջող առաջարկը»։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը լիովին չի հրաժարվել համաձայնագրի կնքումից, սակայն քննադատել է այն, որ այդ առաջարկում փոփոխություններ են կատարվել, քանի որ Նեթանյահուն չի ընդունել նախկին համաձայնությունը։
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 200-ի։
Անկլավի 2,3 միլիոն բնակիչներից գրեթե բոլորը տեղահանվել են իրենց տներից։