
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ պացիենտի մոտ

Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով: Այս մասին հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից՝ նշելով, որ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ պացիենտի մոտ։
Կենտրոնից հայտնում են, որ վարակումը ամենից հաճախ տեղի է ունենում թռչունների շրջանում, սակայն մարդիկ և որոշ կաթնասուն կենդանիներ նույնպես կարող են վարակվել: Մարդկանց մոտ վարակի ախտահարման դեպքերի 80%-ն անցնում է առանց ախտանիշների։
Դեպքերի մեծ մասը գրանցվում է հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, որը համընկնում է մոծակների ակտիվացման շրջանի հետ: Տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, բայց տուրիզմի զարգացման հետ՝ հայտնաբերվում է նաև այլ երկրներում:
Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։
Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է:
Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են այնպիսի կլինիկական երևույթներ, ինչպիսիք են դողը, ջերմության բարձրացումը՝ 38-40°С, գլխացավ, տարածուն մկանացավերը, հոդացավերը,փսխումը, փորլուծությունը, մարմնի ցանավորումը։
Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր, ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի, անզուսպ փսխումներ, լուսավախություն, ջղաձգումներ, ցնցումներ, գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։
Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են տարեցները, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք, ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք, շաքարային դիաբետ ունեցող անձինք,քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլ։
Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը: