Թուրքիան մտադիր է մեկ տարվա ընթացքում ավարտել նոր սահմանադրության նախապատրաստումը

Թուրքիայի նոր սահմանադրության մշակման և ընդունման շուրջ բանակցությունները նախատեսվում է ավարտել մեկ տարվա ընթացքում՝ փաստաթուղթը 2025 թվականի աշնանային նստաշրջանում խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմաբ՝  այս մասին հայտնել է հանրապետության Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Նուման Քուրթուլմուշը։

«Մեր ծրագիրն է նոր սահմանադրության շուրջ բանակցություններն ավարտել մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ 2024 թ. հոկտեմբերից մինչև 2025 թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, և սկսել նոր օրենսդրական տարում դրա ընդունման աշխատանքը», – ասել է նա Milliyet թերթին՝ հավելելով, որ հոկտեմբերից նախատեսվում է փաստաթղթի պատրաստման աշխատանքներին ներգրավել ոչ կառավարական կազմակերպությունների, բուհերի, իշխանության դատական ​​ճյուղի և հասարակայնության ներկայացուցիչներին։

«Մենք հաշվի կառնենք յուրաքանչյուրի կարծիքը… 28-րդ գումարման խորհրդարանի հիմնական խնդիրներից մեկը ժամանակակից, ժողովրդավարական, ներառական և համապարփակ սահմանադրության մշակումն է: Ես մեր խորհրդարանում տեսնում եմ նոր սահմանադրություն ընդունելու ցանկություն և հույս ունեմ, որ դա կարվի», – ասել է Քուրթուլմուշը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ  բազմիցս հայտարարել է նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին ներկայիս սահմանադրության փոխարեն, որն ընդունվել է 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո։

2017 թվականի հանրաքվեից հետո հանրապետությունում կառավարման խորհրդարանական ձևը փոխարինվեց նախագահականով, սակայն նոր սահմանադրություն չընդունվեց։ 2023 թվականի մայիսին վերընտրվելուց հետո Էրդողանը նշել է, որ նոր սահմանադրության ընդունումն իր վարչակազմի հիմնական խնդիրներից մեկն է:

Տեսանյութեր

Լրահոս