
Ռեկորդային մաքսանենգություն. տղամարդիկ փորձել են Ֆրանսիայից 2.5 մլն եվրո տեղափոխել Թուրքիա

Ֆրանսիացի սահմանապահները Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանում երկու տղամարդու են ձերբակալել, որոնք փորձել են 2.4 մլն եվրո տեղափոխել ճամպրուկով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով BFMTV հեռուստաալիքին։
Նշվում է, որ սա այդ օդանավակայանում երբևէ առգրավված ամենամեծ կանխիկ գումարն է։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին։ Ավելի քան 2 մլն եվրոն հայտնաբերվել է Ստամբուլի չվերթին սպասող երկու տղամարդկանց մոտ, թղթադրամների մի մասը շվեյցարական ֆրանկ է եղել։ Դատախազությունը քննություն է սկսել։
Պարզվել է, որ ձերբակալվածները 32 և 39 տարեկան ալժիրցիներ են, որոնք ներկայացել են որպես գործվածքեղեն վաճառողներ։ Նրանց ձերբակալել են չհայտարարագրված դրամական միջոցներ երկրից դուրս բերելու և տեղափոխման միջոցով փողերի լվացման կասկածով։ Այժմ նրանք գտնվում են Պետական ֆինանսների հետ կապված խարդախության դեմ պայքարի ազգային վարչության (ONAF) շենքում։