Մոր սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարունակվում է օրեր առաջ Երևանի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում 65-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել սույն թվականի օգոստոսի 15-ին: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում հայտնաբերել էր 65-ամյա կնոջ դի՝ սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են բազմաթիվ անձինք՝ այդ թվում հարևանները, տուժողի ազգականները։ Նաև՝ առգրավվել և զննվել է շենքի մուտքը տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը։
Ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ հասցրել է վերջինիս 25-ամյա որդին:
Մասնավորապես՝ 2024 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, մորը՝ Գ․ Կարապետյանին ապօրինի կյանքից զրկելու նպատակով, վերջինս գնացել է իր և ընտանիքի բնակության՝ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող շենքի մոտ, որտեղ տեղանքն ուսումնասիրելով և իր կողմից պլանավորված հանցավոր արարքը կատարելու համար նպաստավոր պահ ընտրելով՝ բարձրացել է բնակարան։
Այնտեղ իր մորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, կտրել նրա պարանոցը, որից հետո հանցագործության գործիք դանակը թողել է բնակարանի միջանցքում գտնվող պահարանի վրա և ժամը 09։40-ի սահմաններում դեպքի վայրից դիմել փախուստի։
Դեպքի հաջորդ օրը վերջինս Ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել:
Վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, այդ թվում՝ մեղադրյալի հոգեկան առողջության հետ կապված առկա տվյալներն ստուգելու ուղղությամբ, որի նպատակով իրավասու հաստատություններից պահանջվել են համապատասխան տվյալներ և բժշկական փաստաթղթեր։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե