18 քաղաքացի վիրավորվել է երթուղայինի վթարից
Վերջին 2 շաբաթում Երևանում հանրային տրանսպորտի մասնակցությամբ 87 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որոնց հետևանքով 20 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս տվյալները ներկայացրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։
«20 տուժածներից 2-ը միջին և թեթև ծանրության վնասվածքներ են ստացել, իսկ թիվ 36 համարի երթուղու վթարի հետևանքով 18 քաղաքացի, այդ թվում` բեռնատարի վարորդը, տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել։ 5 քաղաքացի հիվանդանոցում բուժում են ստանում, իսկ մնացած 13-ը բուժում են ստացել և դուրս գրվել»,– ասաց Կիրակոսյանը։
Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում 67 երթուղիում փաստացի սպասարկվել է ընդհանուր թվով 10 170 շարժակազմ` նախատեսված 11 811-ի փոխարեն։ Սպասարկման ենթակա է 96 միավոր հանրային տրանսպորտ, որոնցից 70–ն անսարք է, իսկ 26-ը` վթարված։