ԱՆ-ն ոչ միայն չի զբաղվում մարդկանց առողջությամբ, այլև իր հերթին վտանգում է. Դեպքերը թաքցնելն ինքնին վտանգում է մարդկանց առողջությունը. Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առողջապահության նախարարությունը ոչ միայն չի զբաղվում մարդկանց առողջությամբ, այլև իր հերթին վտանգում է.

Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող՝ Արևմտյան Նիլ կոչվող վիրուսը, մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել:

Հատկանշական է, որ պաշտոնական աղբյուրներում այս մասին տեղեկությունը բացակայում էմ, միակ լուրը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում «Ազատություն» ռադիոկայանի թողարկած ռեպորտաժն է։

Ռեպորտաժին նախորդող և հաջորդող որևէ այլ տեղեկություն չկա, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ տեղեկությունը հանրությանը հասանելի է դարձել լրագրողի նախաձեռնությամբ։

Նույնն է թե, առողջապահության նախարարությունը փորձել է թաքուն պահել, բայց չի ստացվել։

Դեպքերը թաքցնելն ինքնին վտանգում է մարդկանց առողջությունը, քանզի, տեղեկանալով հիվանդության ախտանշանների, կանխարգելման միջոցների մասին, հանրությունը կարող է կիրառել պաշտպանիչ միջոցներ։ Հենց այսպիսին է ԱՀԿ մոտեցումը հիվանդության կանխարգելման և հաղորդակցման մասով։

Զգոնությունը բարձրացնելը ամենևին կապ չունի խուճապ տարածելու հետ, հենց Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը՝ որպես հիվանդության կանխարգելման միջոց, կարևորում է հանրային իրազեկման դերը և հորդորում կիրառել մոծակների դեմ դռների և պատուհանների ցանցեր, օգտագործել միջատներին վանող անհատական միջոցներ, կրել բաց գույնի հագուստ (երկարաթև վերնաշապիկներ և տաբատներ) և այլն։

Առողջապահության նախարարությունը պարտավոր է պարզաբանել․

• Ե՞րբ է հիվանդության կասկածով առաջին հիվանդը դիմել բուժօգնության,

• Ե՞րբ է ախտորոշվել հիվանդությունը և ի՞նչ մեթոդով (միայն կլինիկական, թե նաև լաբորատոր),

• Ինչո՞ւ է գրանցված դեպքերի մասին տեղեկությունը պահվել թաքուն և չի իրականացվել հանրային իրազեկում՝ այդպիսով վտանգելով հասարակությանը,

• Ինչպիսի՞ն է հիվանդության աշխարհագրությունը, կա՞ն մարզեր, որտեղ ավելի շատ դեպքեր են արձանագրվել և որտեղ հասարակությունը պետք է լինի ավելի զգոն»։

Տեսանյութեր

Լրահոս