
ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կես տարում աճել է

Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականի առաջին 6 ամիսներին հասել է 1,4 մլրդ դոլարի։ Այս մասին հայտարարեց Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։
«Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 1,4 մլրդ դոլարը՝ ավելանալով 41,9 տոկոսով»,- ասաց Չենը՝ հավելելով, որ Չինաստանը Հայաստանի հիմնական գործընկերների ցանկում է։
Նա հիշեցրեց, որ երկու երկրների միջև համագործակցություն է հաստատվել այնպիսի նախագծերի շրջանակում, ինչպիսիք են Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը, արևային էլեկտրակայանների արդիականացումը, կաուչուկի գործարանի աշխատանքը:
Չենն ընդգծեց, որ սեպտեմբերից կմեկնարկեն Չինաստանից դեպի Հայաստան չվերթերը, ինչը թույլ կտա ավելի ամրապնդել երկկողմ հարաբերությունները:
Նշենք, որ նախորդ տարի Չինաստանից Հայաստան է այցելել 20 հազար զբոսաշրջիկ։