
Աշխարհի առաջատար ապրանքանիշները կրճատում են հագուստի կարի պատվերները Բանգլադեշում. Financial Times

Աշխարհի առաջատար ընկերությունները զգալիորեն կրճատում են հագուստի կարի և կոշիկի արտադրության պատվերները Բանգլադեշում և դիմում հարևան երկրների արտադրողներին՝ հարավասիական երկրում 500 մարդու կյանք խլած զանգվածային ցույցերից և վարչապետի հրաժարականից հետո: Այս մասին հաղորդում է Financial Times (FT) պարբերականը՝ վկայակոչելով աշխարհում հագուստի երկրորդ խոշորագույն արտահանող երկրի արտադրողներին։
Նրանց տվյալներով՝ «որոշ խոշոր ապրանքանիշներ առաջիկա սեզոնների համար պատվերները փոխադրել են Հարավարևելյան Ասիայում մրցակից արտադրողներին, ինչը խախտել է մատակարարումների գոյություն ունեցող գլոբալ շղթաները և սպառնալիքի տակ դրել» ավելի քան 170 միլիոն բնակչություն ունեցող երկրի առաջատար ճյուղը։
2023 թվականին Բանգլադեշն արտահանել է 47 միլիարդ դոլարի հագուստ։Բանգլադեշի հագուստ արտադրողների խորհրդական Մամուն Ռաշիդի խոսքով՝ «Իսպանիայի և Գերմանիայի ընկերությունները տեղեկացրել են, որ պատվերների 40 %-ն այժմ վերաուղարկել են Կամբոջա և Ինդոնեզիա»:
Ֆրանսիայի Decathlon սպորտային մանրածախ ցանցի և ճապոնական Uniqlo-ի մայր ընկերության՝ Fast Retailing-ի արտադրանքը մատակարարող Apex Footwear ընկերության ղեկավար Սայեդ Նասիմ Մանզուրը հայտարարել է, որ վերջին իրադարձությունները լրջորեն խաթարել են աշխարհի բրենդների վստահությունը Բանգլադեշի նկատմամբ:
Նախկին վարչապետ Շեյխ Հասինայի և նրա կառավարության դեմ ուսանողների բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ հրկիզվել են բազմաթիվ ֆաբրիկաներ, որոնք պատկանում էին նախկին վարչակարգի կողմնակիցներին, ներառյալ այնպիսի համաշխարհային ապրանքանիշների մատակարարների, ինչպիսիք են շվեդական H&M-ը և իսպանական Zara-ն:
Դա հանգեցրել է ձմեռային մանրածախ սեզոնի համար Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա հագուստի և կոշիկի մատակարարումների հետաձգման: