Բազմաթիվ ձեռնարկություններ նախընտրում են չմասնակցել Բաքվում կայանալիք COP29 համաժողովին. POLITICO-ն ներկայացրել է պատճառները

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) մասնակցել ցանկացող ձեռնարկությունների թիվը, որը տարեցտարի ավելանում էր, նվազման միտում է դրսևորում այս տարի, երբ համաժողովն անցկացվելու է Բաքվում։ Այս մասին լայնածավալ հոդված է հրապարակել POLITICO հրատարակությունը՝ նշելով, որ մասնավոր ընկերությունները նախատեսում են այս տարի կա՛մ բաց թողնել համաժողովը, կա՛մ Ադրբեջան ուղարկել փոքր պատվիրակություններ։

Նրանց վախեցնում է երկու գործոն՝ համաժողովի վայրը և ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը։

Ձեռնարկությունները COP29-ին մասնակցելու առումով զգուշավորություն են դրսևորում համաժողովի վայրի ընտրության, լոգիստիկայի, ինչպես նաև այն պատճառով, որ համաժողովը կազմակերպվում է նավթի խոշոր արդյունահանող ավտոկրատ վարչակարգի կողմից։ Միևնույն ժամանակ, ըստ POLITICO-ի, ոչ բոլորն են վստահ, որ Ադրբեջանը կարող է որակյալ համաժողով կազմակերպել։

Բացի այդ, Բաքուն հանածո էներգիայի աղբյուրների խոշոր արտահանող է և բացահայտ կոչ է արել ավելացնել ներդրումները դրանց արտադրության մեջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ նավթ և գազ արդյունահանող երկրները, ինչպիսին իր երկիրն է, պետք է շարունակեն ներդրումներն այդ ոլորտում, ինչը հակասում է անցյալ տարվա COP28-ի հայտարարությանը, որում բոլոր երկրները կոչ էին անում արագացնել հանածո վառելիքից հրաժարվելու գործընթացը։

POLITICO-ն նշում է նաև, որ պատճառներից մի քանիսը շատ հասարակ են. կան մտավախություններ՝ կապված հյուրանոցներ ամրագրելու և Բաքվի ծայրամասում գտնվող համաժողովի վայր հասնելու հետ։ Խնդրի մի մասն էլ կապված է այն բանի հետ, որ ամերիկյան ընկերությունների համար բարդ է հասնել Բաքու, քանի որ չկան ուղիղ չվերթեր։ Բացի այդ, ըստ հրատարակության զրուցակիցների, Բաքուն զբոսաշրջության տեսանկյունից այնքան էլ գրավիչ չէ։

Իհարկե, մեծ նշանակություն ունի նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործոնը։ Առաջիկա ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն հայտնի է կլիմայի փոփոխության վերաբերյալ իր թերահավատությամբ։ Հաղթանակի դեպքում Թրամփն, ըստ POLITICO-ի զրուցակիցների, կխաթարի Բաքվից եկող համաշխարհային արձագանքը և ուղերձը, ուստի ձեռնարկությունները նախընտրում են սպասել:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսված է անցկացնել նոյեմբերի 5-ին, իսկ COP29 համաժողովը կայանալու է նոյեմբերի 11-22-ը։ ՄԱԿ-ը և Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանափակել մասնակիցների թիվը՝ այն հասցնելով 40 000-ի, ինչը գրեթե նույնքան է, որքան Գլազգոյում անցկացված COP26-ի մասնակիցների թիվը:

Սա նկատելիորեն ավելի քիչ է, քան Դուբայում COP28-ի մասշտաբները. 2023 թ. դեկտեմբերին Դուբայում կայացած համաժողովին մասնակցել է շուրջ 85 000 մարդ, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ավելի քան 150 ղեկավար։

Բացի այդ, շատերը պատրաստվում են հաջորդ տարի Բրազիլիայում անցկացվելիք COP30-ին, որի մասնակիցները պետք է վերջնական տեսքի բերեն կլիմայի հետ կապված ռազմավարությունները մինչև 2035 թվականը։

Տեսանյութեր

Լրահոս