Բաժիններ՝

ՆԳՆ-ն ներկայացրեց երկրաշարժի հետևանքով արձանագրված վնասները

Հայաստանում օրեր առաջ գրանցված երկրաշարժից հետո ստեղծվել է հանձնաժողով, որը վնասների վերաբերյալ ուսումնասիրություններ է իրականացնում, այս պահի դրությամբ արձանագրություն է կազմվել 82 շենք-շինության վերաբերյալ: Այս մասին ասուլիսում հայտնեց Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Երկրաշարժից հետո ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է շուրջ 120 զանգ՝ կապված հետցնցումների, նաև վնասների հետ:Օգոստոսի 12-ին գրանցված երկրաշարժից հետո Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարը ստեղծել է համատեղ հանձնաժողով, փրկարար ծառայության աշխատակիցները ևս այնտեղ են: «Այս պահին էլ հանձնաժողովն աշխատում է: Հիմնական աշխատանքները տարվել են Երանոս գյուղում:

Ուսումնասիրությունների արդյունքում այս պահի դրությամբ արձանագրություն է կազմվել 82 շենք-շինության վերաբերյալ, դրանք բնակելի տներ են և կից շինություններ:

Երանոս բնակավայրում 56 տան պատերին արձանագրվել են տարբեր չափերի ճաքեր, 4 անասնագոմի հողաշեն պատերից պոկվել և ընկել են քարեր, 22 շենք-շինությունում, այդ թվում՝ Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի, մանկապարտեզի, անասնագոմերի պատերին և Ծովասար բնակավայրում 2 տան պատերին առկա են ճաքեր, Ծակքար բնակավայրում վնասվել են միջնակարգ դպրոցի, Սուրբ Աստվածածին եկեղեցու և մշակույթի տան պատերը, առկա են եղել նաև ճաքեր»,-ներկայացրեց Նարեկ Սարգսյանը:

Հիմնականում ուսումնասիրություններն իրականացվել են Երանոս գյուղում, սակայն կան տեղեկություններ, որ հարակից այլ բնակավայրերում նույնպես կան վնասներ, ճաքեր:

Այս պահին ուսումնասիրությունները շարունակվում են:Օգոստոսի 12-ին տեղական ժամանակով ժամը 2.02-ին, Հայաստանի Հանրապետության Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք 10 կմ խորության վրա գրանցվել է 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 5-6 բալ:

Այն զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել է 1 մագնիտուդից փոքր 10 հետցնցում (օգոստոսի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գավառագետի և Գեղամայի ակտիվ խզվածքային գոտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս